շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մենք հավատում ենք, որ դա հնարավոր է. ԱՄՆ դեսպանը՝ արցախահայերի՝ Ադրբեջանի կազմում գոյատևելու հնարավորության մասին

Մենք հավատում ենք, որ դա հնարավոր է. ԱՄՆ դեսպանը՝ արցախահայերի՝ Ադրբեջանի կազմում գոյատևելու հնարավորության մասին

Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը հնարավոր է համարել Արցախի գոյությունը և արցախահայերի անվտանգ ապրելու հնարավորությունը Ադրբեջանի կազմում։ Այս մասին նա ասել է Հանրային ՀԸ-ի եթերում:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարել է, որ Միրզոյան-Բայրամով բանակցությունները կառուցողական էին, եւ արձանագրվել է առաջընթաց:ԱՄՆ-ն հանձնառու է՝ շարունակելու աջակցել այս բանակցություններին փորձ անելով հասնել այնպիսի վերջնարդյունքի, որը բոլորի համար կբերի տեւական եւ արդար խաղաղություն տարածաշրջանում՛՛:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ բանակցություններին զուգահեռ՝ Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, եւ վերջին սադրանքի հետեւանքով Արցախում սպանվել է չորս զինծառայող, Քրիստինա Քվինը նշել է. ՛՛ԱՄՆ-ն հստակորեն հայտարարել է, որ կողմերի միջեւ վաղուց շարունակվող հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մենք հստակ ասել ենք, որ ռազմական բռնկումներն օգտակար չեն բանակցությունների համար: Մենք բոլոր կողմերին կոչ ենք արել՝ իրենց բոլոր տարակարծությունները հաղթահարել բանակցությունների միջոցով:

Ի վերջո՝ մենք տեսնում ենք, որ մնայուն, երկարաժամկետ խաղաղությունն է տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու ուղին: Ահա թե ինչու ենք մենք հանձնառու, որ փորձենք նպաստել այն բանակցություններին, որոնք կհանգեցնեն նման խաղաղության: Երկու կողմերն էլ ներգրավված են բանակցություններում, եկել են սեղանի շուրջ եւ անկեղծ ու բաց քննարկումներ են ունեցել կողմերի միջեւ առկա տարակարծությունների վերաբերյալ, եւ մենք հավատում ենք, որ երկու կողմերն էլ կարող են տեսնել, որ ի վերջո կարող է լինել խաղաղություն: Մենք մեծ հույս ունենք, որ կօգնենք դա ապահովել՛՛:

Խոսելով Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների մասին՝ դեսպանն ասել է. ՛՛Միացյալ Նահանգները վաղուց եւ հաստատակամ ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն, եւ որ պետք է լինի բանակցություն, եւ այնպիսի վերջնարդյունք, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը:

Ես, վստահաբար, այն կարծիքին եմ, որ Լեռնային Ղարաբաղում մարդիկ պետք է կարողանան իրենց անվտանգ զգալ սեփական տներում, իրենց միջավայրում եւ խաղաղ ընտանեկան կյանք կարողանան վարել եւ ներգրավվածություն ունենալ իրենց համայնքներում: Ուստի Միացյալ Նահանգները հաստատակամորեն հավատում է, որ լուծման ուղղությամբ շարունակվող քննարկումներում պետք է ապահովված լինեն նշված սկզբունքները՛՛:

Դեսպանն անդրադարձել է նաեւ այն պնդմանը, որ եթե Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, ապա խաղաղ ապրելն անհնար է: Այս առնչությամբ նա ասել է. ՛՛Մենք հավատում ենք եւ հույս ունենք, որ դա հնարավոր է: Կարծում ենք՝ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր դարձնեն: Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը: Բոլոր կողմերին քաջալերում ենք, որպեսզի միասնաբար ջանքեր գործադրեն՝ ապահովելու նշված իրավունքները եւ անվտանգությունը: Պետք է ասեմ, որ բոլոր կողմերն ասել են, որ իրենք համարում են, որ Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն, հիմա մնում է նրանց՝ դա ապահովելու ճանապարհը՛՛:

Ըստ Քվինի՝ Միացյալ Նահանգները համարում է, որ ցանկացած քննարկում, բանակցություն եւ խոսակցություն առաջընթացի ճիշտ ուղին է, եւ մնում է օգնել, որ երկու կողմերին մտահոգող հարցերը լիովին ընկալվեն եւ կարողանան գտնել ապագայի ճանապարհը՝ հասնելու խաղաղ կարգավորման, որով երաշխավորված եւ ապահովված կլինեն Լեռնային Ղարաբաղում ապրողների իրավունքները եւ անվտանգությունը:

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ ԱՄՆ-ն այդ ամենն անում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս հանելու նպատակով՝ դեսպանն արձագանքել է. ՛՛Միացյալ Նահանգները համարում է, որ ի վերջո Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, կարող է որոշել, թե ովքեր են իր դաշնակիցները, իր գործընկերները, եւ ինչպես է առաջ շարժվելու երկիրը տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում: Ինչ է ցանկանում տեսնել Միացյալ Նահանգները՝ խաղաղություն Եվրոպայում, Հարավային Կովկասում. մենք պատրաստ ենք խոսել ցանկացած կողմի հետ, որը կարող է դրական տեսլական ներկայացնել տարածաշրջանին խաղաղություն բերելու համար: Միացյալ Նահանգները ակտիվորեն ներգրավված է, բայց նաեւ Եվրոպական միությունն է շատ ակտիվորեն ներգրավված, որովհետեւ եւ՛ մենք, եւ՛ իրենք տեսնում են, որ Հարավային Կովկասում խաղաղություն եւ անվտանգություն ունենալն իրոք շահեկան է: Ես համարում եմ, որ մենք շատ կարեւոր շահեր ունենք Հայաստանում, բայց Միացյալ Նահանգների շահն այն է, որ մենք եւ դուք ընդհանուր ժողովրդավարական արժեքներ ունենք, հետամուտ ենք ընդհանուր ժողովրդավարական գործընթացների: Տեսնում ենք, որ Հայաստանը ժողովրդավարության իմաստով պայծառ կետ է տարածաշրջանում: Հայաստանը առաջ է շարժվում բարեփոխումների առումով, ունի ազատ մամուլ, խոսքի ազատություն՛՛:

Անդրադառնալով Իրանի հետ Հայաստանի հարաբերություններին՝ դեսպանն ասել է. ՛՛Մենք գնահատում ենք այն հանգամանքը, որ Հայաստանը պահպանում է Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների պատժամիջոցները, սակայն դրանից անդին Հայաստանն ինքը պետք է որոշի՝ ինչպիսի հարաբերություններ ունենալ Իրանի հետ՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: