կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մենք արդիականացման խնդիր ունենք․ Կարեն Ջալավյան

Մենք արդիականացման խնդիր ունենք․ Կարեն Ջալավյան

Այսօր Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձն է։

Zarkerak.am-ը զրուցել է Արցախի հերոս, «Եղնիկներ» զորամասի հրամանատար, գնդապետ,  «Քյոխ» մարտական մականվամբ հայտնի Կարեն Ջալավյանի հետ։

Ի դեպ, մեր հացազրույցից հետո լեգենդար հրամանատարն այսօր պարգևատրվել է պարգևատրվել է «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով։

Հարցազրույցը, որի ընթացքում Կարեն Ջալավյանը մի փոքր անկեղծացավ, ներկայացնում ենք ստորև․

Ինչպիսի՞ն է այսօր Հայոց բանակը։

Վիրավոր և արնաքամ։ Բոլորս գիտենք, թե պատերազմից հետո այսօր ինչ վիճակում են մեր զինված ուժերը։

Ի՞նչն է պակասում մեր բանակին ոտքի կանգնելու համար։

Առաջին հերթին հավատքը, պետք է Աստծուն դառնանք։ Երբ համախմբված ենք եղել, երբ աղոթող ենք եղել՝ հաղթել ենք։ Երբ մեր բանակը ստեղծվեց 90-ականների սկզբներին, այն ժամանակ ազգովի մենք Աստծով էինք դարձել։ Մեկը չկար, որ մարտից առաջ չաղոթեր, սրբատեղի չգնար, չխնդրեր քահանաներին մկրտել իրենց ընդհանուր ջոկատին, վաշտին։ Իսկ այսօր մենք հեռացել ու հեռանում ենք Աստծուց, ու այսօր այս վիճակում ենք։

Դա՞ է պատճառը, որ այսօր ունենք արնաքամ բանակ։

Պատճառներից մեկն էլ դա է, եթե հավատք ունենայինք ամեն ինչ լավ կավարտվեր։ Իսկ  թերահավատության, չպայքարելու ու վախենալու դեպքում ամեն ինչ դեպի վատն է գնում։ Իսկ թուրքը նույն թուրքն էր, ոչ մի բանով չէր տարբերվում։ Թուրքն այսօր ինչքան էլ արդիականացրել է իր սպառազինությունը, ինչքան էլ մի քանի պետությունների դեմ էինք պայքարում, բայց միևնույն է՝ որ ճակատում հայ զինվորն առանց վախենալու, առանց երկնչելու, աղոթքով է պայքարել, կարողացել է հակառակորդին դիմակայել։

Ի՞նչ փուլեր է հաղթահարել մեր բանակը մինչև այսօր։ 

Մեր բանակը կամավորական, ֆիդայական ջոկատներից է կազմվել։ Ազգովի ենք կառուցել, պահել ու փայփայել։ 28 տարի տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից է եղել։ 2016 թվականին, ինչպես 1994-ին այդ նույն բանակը հակառակորդին ստիպեց զինադադար կնքել։ Բայց այսօր հանգամանքների բերումով այս վիճակում ենք։

Մենք ի՞նչ բարեփոխումների կարիք ունենք բանակում։

Մենք արդիականացման խնդիր ունենք։ Մենք գիտենք, թե ողջ աշխարհը պատերազմելու որ փուլն է թևակոխել, և մենք էլ պետք է արդիականացնենք մեր բանակը։ 

Աստված մի արասցե, եթե կրկին պատերազմ լինի․․․․

Մեզ պետք է ազգային մտածելակերպ ու միասնություն, որովհետև երբ մենք հավատացել ենք Աստծուն ու միասնական ենք եղել միշտ հաղթել ենք, իսկ երբ մեր մեջ միասնությունը կորել է մենք միշտ փորձության ենք մատնվել ու ունեցել անհաջողություն։

Ի՞նչ կմաղթեք մեր զինվորներին։

Մեր՝ 5000-ից ավելի զոհերի արյունը, մեր վիրավորների ու հաշմանդամ դարձած տղաների թափած արյունը իրավունք չի տալիս մեզ սխալվելու, մենք պետք է պայքարենք, միասնական լինենք։ Նորից եմ կրկնում, երբ մենք միասնական ենք եղել, թեկուզ թուրքն ինչքան էլ շատ է եղել, միշտ կարողացել ենք հաղթել։ Սարդարապատի պատմությունը վկա, երբ թուրքը համարյա Երևանում էր ու երբ ազգը բանակ դարձավ մենք կարողացանք հակառակորդի բազմահազարանոց զորքին իր տեղը ցույց տալ և նույնն էլ այս պատերազմում էր, չկար տարբերություն։ Եթե նորից պետք է պատերազմ լինի, ապա ես հաղթանակ եմ մաղթում ու առանց զոհերի։

 

  • Կիսվել: