հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մեկնարկել են ԿԳՄՍ նախարարության ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունները

Մեկնարկել են ԿԳՄՍ նախարարության ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունները

Այսօր՝ օգոստոսի 26-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մեկնարկել են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունները:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ խորհրդակցության օրակարգում 2021-2022 թվականների ուսումնական տարվա արդյունքների և 2022-2023 թվականների ուսումնական տարվա աշխատանքների որակի և արդունավետության բարձրացման ուղղությամբ մանկավարժական կոլեկտիվների անելիքների ու խնդիրների քննարկումն էր:

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է կրթության համակարգում առկա խնդիրներին,որոնք պետք է լուծել համատեղ ջանքերով:

«Արցախում ապրելը,արարելը, սերունդ կրթելը հեշտ չէ,բայց միևնույն ժամանակ այն պատվաբեր է: Մեզանից ավելի շատ ջանք ու եռանդ է պահանջվում ներդնել, որպեսզի կարողանանք հասնել մեր երազած հայրենիքին»,-հավելել է պետնախարարը:

ԱՀ ԿԳՄՍ նախարար ԱՆահիտ Հակոբյանը ներկայացրեց առաջարկություններ և գերատեսչության կողմից իրականացվող մի շարք ծրագրեր, որոնց կարևորությունն ու արդյունավետությունը անմիջականորեն կապված են ստեղծված իրավիճակի հաղթահարման հետ։

«Նախարարությունն իր բոլոր բաժիններով հանդերձ, նպատակասլաց և հետևողական գործունեություն է իրականացնում հանրակրթության բոլոր ոլորտներում առկա խնդիրների վերհանման և լուծման համար: Մեր կողմից ակնկալվող հիմնական արդյունքները՝ բոլոր մակարդակներում կրթության մատչելիությունը բարձրացնելն է, հավասար հնարավորություններ ստեղծելը, որպեսզի յուրաքանչյուրն իր ունակությունների ու նախասիրություններին համապատասխան ստանա առավել որակյալ կրթություն»,-ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ իրականացվող աշխատանքների արդյունքում նախատեսվում է նաև բարելավվել կրթության որակը՝ համապատասխանեցնելով միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին ու չափանիշներին, ապահովվել պետական բյուջեից կրթությանը հատկացվող միջոցների արդյունավետ օգտագործման մեխանիզմները:

Խորհրդակցության օրակարգի համաձայն՝ նախորդ ուսումնական տարվա արդյունքների հաշվետվությունը ներկայացրեց Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանը՝ նախարարության ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրելով համակարգում պատերազմից հետո առաջացած մի շարք խնդիրների վրա:

«Քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժինը հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական հիմնարկների տնօրենությունների և մանկավարժական կոլեկտիվների հետ հաշվետու ժամանակաշրջանում համապատասխան աշխատանքներ է տարել 2021-2022 ուսումնական տարին կազմակերպված սկսելու, հիմնարկների բնականոն գործունեությունն ապահովելու, սովորողների կրթության գործը պատշաճ մակարդակով կազմակերպելու, մատաղ սերնդի ճիշտ և հայեցի դաստիարակության գործընթացը կատարելագործելու, դասի և պարապմունքների մյուս ձևերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,- ասել է Թ.Ղարախանյանը:

Խորհրդակցության ընթացքում Շուշիի և Հադրութի շրջվարչակազմերի կրթության բաժնի վարիչները ներկայացրել են հետպատերազմական ժամանակաշրջանում առկա խնդիրները, ինչպես նաև՝ անցած ուստարվա հաջողություններն ու ձեռքբերումները:

Խորհրդակցությունն ամփոփվել է հարց ու պատասխանով: Ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունները կշարունակվեն Հանրապետության շրջկենտրոններում՝ Մարտունիում, Ասկերանում և Մարտակերտում:

  • Կիսվել: