երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկնարկել է  «Աջակցություն արցախցի վարպետներին» ծրագրի երկրորդ փուլը

Մեկնարկել է «Աջակցություն արցախցի վարպետներին» ծրագրի երկրորդ փուլը

Մեկնարկել է «Մենք ենք մեր սարերը» գործակալության՝ «Աջակցություն արցախցի վարպետներին» ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում կազմակերպվում են  դասընթացներ արհեստ սովորելու կամ որոշակի արհեստում հմտանալու հայտ ներկայացրած մասնակիցների համար, և անհրաժեշտ գործիքներ ու սարքավորումներ են տրամադրվում գործող վարպետներին:

Գործակալությունից հայտնում են, որ ծրագրի առաջին փուլում ստացվել և ամփոփվել են մասնակցության համար ներկայացված հայտերը: Շուրջ 120 դիմորդից ընտրվել է ծրագրի չափորոշիչներին  համապատասխանող 80 շահառու: Ծրագիրը նախատեսում է, որ բոլոր շահառուներին կտրամադրվեն անհրաժեշտ գործիքներ ու սարքավորումներ, իսկ նրանցից  շուրջ 30-ը կմասնակցեն նաև դասընթացների: 

«Կարելի է ասել, որ հիմնականում երեք մեծ խումբ է առանձնացվել՝ հրուշակագործներ, բյութի ոլորտի մասնագետներ՝ մատնահարդար-վարսահարդարներ և վերանորոգող արհեստավորներ: Հրուշակագործների,  վարսահարդարների ու մատնահարդարների համար դասընթացներն արդեն մեկնարկել են, իսկ վերանորոգող վարպետները հիմնականում դիմել են  գործիքներ ու սարքավորումներ ստանալու համար, քանի որ նրանք ամեն ինչ թողել են Արցախում»,-ասում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության սոցիալական ծրագրերի ղեկավար Արմեն Մանգասարյանը:

Դասընթացները տևելու են մեկ ամիս և անցկացվելու են մասնագիտացած լավագույն ընկերություններում: Ավարտից հետո մասնակիցներին կտրամադվեն անհրաժեշտ գործիքներ, որպեսզի արդեն կարողանան աշխատել իրենց նոր մասնագիտությամբ:

«Սա գործակալության փոքրամասշտաբ ծրագրերից է, որը սակայն յուրաքանչյուր մասնակցի համար զբաղվածության հարց է լուծում: Մենք սկսեցինք ծրագիրը՝ հաշվի առնելով, որ շատ վարպետներ զուտ գործիքների բացակայության պատճառով չեն կարողանում այստեղ շարունակել իրենց գործը: Մեր գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը միշտ կարևորել է այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք միջավայր և հնարավորություն են ստեղծում, որպեսզի մարդիկ ինքնարտահայտվեն, կարողանան աշխատել և արարել: Այս ծրագիրը նույնպես ոչ թե մեկանգամյա աջակցություն է ենթադրում, այլ հնարավորություն է տալիս, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել և հոգալ իրենց ընտանիքների կարիքները, ինչը հիմա շատ կարևոր է արցախցի մեր հայրենակիցների համար»,-ասում է  «Մենք ենք մեր սարերը» գործակալության տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը:

Հնարավորության դեպքում  գործակալությունը  մտադիր է շարունակել ծրագիրը՝ ընդլայնելով մասնակիցների շրջանակը:

«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը հիմնադրվել է 2022 թվականին՝  Ռուբեն Վարդանյանի և նրա գործընկերների կողմից: Կազմակերպության  ներկա ծրագրերն ուղղված են Արցախից բռնի տեղահանված  հայրենակիցների աջակցությանը:

  • Կիսվել: