ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեկնարկել Է ԱՀ պետական բյուջեի հաշվին առողջարանային բուժման ուղեգրերի տրամադրման գործընթացը

Մեկնարկել Է ԱՀ պետական բյուջեի հաշվին առողջարանային բուժման ուղեգրերի տրամադրման գործընթացը

Մեկնարկել Է Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին առողջարանային բուժման ուղեգրերի տրամադրման գործընթացը: Այս մասի տեղեկացնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։

Աղբյուրի հաղորդմամբ` ուղեգրերն առաջնահերթության կարգով հատկացվում են Արցախի Հանրապետությունում հաշվառված`

1. 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամներին, ինչպես նաև հաշմանդամ երեխաներին:

2.Արցախյան երեք պատերազմների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին (ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ամուսիններ, ծնողներ, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող՝ 16 տարին լրացած անձինք).

3. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց (Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ)

4. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքների անդամներին (Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ամուսիններ, ծնողներ)

5. Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի վերացման աշխատանքների ժամանակ ճառագայթային հիվանդություններ ստացած անձանց

6. Բռնադատվածներին (բռնադատվածի կարգավիճակ ստացած անձինք)

7.Հերոսներին և շքանշանակիրներին (Հայաստանի ազգային հերոսներ, Արցախի հերոսներ, Արցախի Հանրապետության Նախագահի կողմից 1-ին կամ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձինք)

8.Զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին (2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով մահացած (զոհված) քաղաքացիական անձանց ամուսիններ, ծնողներ, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող՝ 16 տարին լրացած անձինք)

9.Միայնակ քաղաքացիներին. 63 տարին լրացած՝ չաշխատող, զավակ և խնամակալ չունեցող անձինք։

Ուղեգիր ստանալու համար քաղաքացին պետք է դիմի ԱՀ ՍԶՄ նախարարության Միասնական Սոցիալական Ծառայության ՝ Արցախի Հանրապետությունում իր հաշվառման վայրը սպասարկող, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերում հաշվառված քաղաքացին՝ ցանկացած տարածքային բաժին, ՀՀ-ում գտնվելու դեպքում՝ Երևան քաղաքի Աբովյան 9 հասցեում գտնվող ՍԶՄ նախարարության աշխատակիցներին:

Առողջարանային բուժումը կիրականցվի Ջերմուկ առողջարանային քաղաքում: Հավելյալ տեղեկությունների համար հետաքրքրված անձինք կարող են զանգահարել 114, 047 94 28 57 հեռախոսահամարներով:

  • Կիսվել: