ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեկ շաբաթվա ընթացքում Արցախի ԱԻ ծառայությունն ստացել է 837 ահազանգ

Մեկ շաբաթվա ընթացքում Արցախի ԱԻ ծառայությունն ստացել է 837 ահազանգ

Հուլիսի 18-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 837 ահազանգ, որից 752-ը ճանաչողական բնույթի:
 
Շաբաթվա ընթացքում գրանցվել է բնածին բնույթի 14, տեխնածին՝ 25 և սոցիալ-կենցաղային բնույթի՝ 19 կանչ:
Գրանցված 10 հրդեհի դեպքերի գերակշիռ մասը, եղանակային պայմաններից ելնելով, արձանագրվել է չոր խոտատարածքներում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները և հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները օպերատիվորեն հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ:
 
Հարկ է նշել, որ հանրապետությունում բերքահավաքն անկորուստ իրականացնելու և հրդեհավտանգ շրջանում բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվող միջոցառումները կազմակերպված են բարձր մակարդակով և գտնվում են ԱԻ պետական ծառայության ղեկավար կազմի անմիջական վերահսկողության տակ: Այդուհանդերձ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, մասնավորապես չոր խոտատարածքներում ու այգիներում. մեր իսկ պատասխանատվությամբ նվազեցնենք հնարավոր արտակարգ պատահարների առաջացման ռիսկերը:
 
Հաշվետու ժամանակահատվածում փրկարարները կատարել են փակված 8 դռան բացում, փրկարարների օգնությամբ 5 քաղաքացի տեղափոխվել են համապատասխան բժշկական հաստատություններ, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 3 ելք, փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 5 կանչերի:
Օձի հայտնաբերման վերաբերյալ շաբաթվա ընթացքում ստացվել է 3 ահազանգ: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ թունավոր սողուններին տեղափոխելով անվտանգ տարածք:
 
Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել ու վնասազերծվել է 118 պայթուցիչ, 26 հրթիռ, հրթիռակասետային 8 ռումբ, ականանետի 76 ական, 68 արկ, գնդիկաբեկորային 2 ավիառումբ, ձեռքի 24 և նռնականետի 17 նռնակ:
 
ԱԻ պետական ծառայությունը բոլոր ստորաբաժանումները ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն:

  • Կիսվել: