երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մեկ օրում ՀՀ-ից Արցախ է վերադարձել 210 բնակիչ. ՌԴ ՊՆ

Մեկ օրում ՀՀ-ից Արցախ է վերադարձել 210 բնակիչ. ՌԴ ՊՆ

Մեկ օրում Հայաստանից Արցախ է վերադարձել 210 բնակիչ, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ից

Նշվում է, որ ընդհանուր առմամբ 2020թ․ նոյեմբերի 14 -ից մինչ օրս Լեռնային Ղարաբաղի իրենց մշտական բնակության վայրեր է վերադարձել 49264 մարդ։

Լեռնային Ղարաբաղում կողմերի միջև հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գոտու ողջ երկայնքով։ Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։

Ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները:

ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ ասված է. ՛՛ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ Մեկ օրում մաքրվել է 1․5 հա տարածք, 1կմ ճանապարհ և 1 բնակելի շինություն։ Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 526,6 հա տարածք, 198,8 կմ ճանապարհ, 751 բնակելի շինություն, այդ թվում՝ 25 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23404 պայթուցիկ առարկա՛՛։

Հաղորդվում է նաև, որ ռուս խաղաղապահ առաքելության շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերվում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Ընդհանուր առմամբ ռուս մասնագետները բուժօգնություն են ցուցաբերել 1238 բնակիչների, այդ թվում՝ 157 երեխաների։

Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:

 

  • Կիսվել: