ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մայիլյանը մնաց միայնա՞կ

Մայիլյանը մնաց միայնա՞կ

«Առավոտին» տված հարցազրույցում «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը հավանական է համարել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, իսկ իր ծրագրերի մասով ասել, որ սպասում է խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:

Ինչպես գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը՝ արվել է չափազանց տարողունակ դիտարկում, ինչից հասկացվում է, որ Սամվել Բաբայանն այլեւս չի հավատում, որ իր աջակցությունը վայելող թեկնածուն կհաղթի նախագահական ընտրություններում, իսկ «Միասնական հայրենիքի» հետագա դիրքորոշումը կախված կլինի խորհրդարանի քաղաքական խճանկարից:

"Եթե մի փոքր բացենք փակագծերը, ապա կարելի է ասել, որ քարոզարշավի այս վերջին օրերին Սամվել Բաբայանին ավելի շատ ոչ թե նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանն է հետաքրքրում, այլ՝ իր կուսակցության ապագան:

Իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը ֆեյսբուքում կանխատեսել է, որ «Միասնական հայրենիք» կուսակցության օգտին կքվեարկի ընտրողների ընդամենը 6 տոկոսը: Անգամ ամենալավատեսները Սամվել Բաբայանի գլխավորած քաղաքական ուժի համար կանխատեսում են առավելագույնը 10 տոկոսի արդյունք:

Եթե այդպես է, ուրեմն «Միասնական հայրենիքը» մարտավարական վրիպում է թույլ տվել՝ ռեսուրսների մի զգալի մասը կենտրոնացնելով Մասիս Մայիլյանի նախագահական քարոզարշավի շուրջ: Սամվել Բաբայանի վերոնշյալ դիտարկումը, կարծես, արձանագրում է այդ բացթողումը: Քարոզարշավի վերջին երեք օրերին կհաջողվի՞ վերականգնել կորցրածը՝ ցույց կտան քվեարկության արդյունքները:

Ուշագրավ է, որ դիտորդները վստահորեն կանխատեսում են, որ հինգ տոկոսի շեմը չի հաղթահարի եւ խորհրդարանում ներկայացված չի լինի Մասիս Մայիլյանին սատարող՝ «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքը, որը գլխավորում է պաշտոնաթող գնդապետ Գրիշա Սահակյանը: Կարեն Օհանջանյանը կանխատեսել է, որ Մասիս Մայիլյանի օգտին կքվեարկի ընտրողների 12 տոկոսը: Դա իրականությանը բավական մոտ է թվում, եթե նկատի ունենանք, որ նրան աջակցող քաղաքական ուժերից մեկը խորհրդարանում գոնե պատվավոր ներկայացվածության, իսկ մյուսը՝ հինգ տոկոսի շեմը հաղթահարելու խնդիր է փորձում լուծել:

Ներարցախյան քաղաքական աջակցություն, այսպիսով, Մասիս Մայիլյանը չունի: Վերջին օրերին նրան աջակցող շրջանակներից հնչում էին ընտրություններն արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքով հետաձգելու կոչեր: Այդ քննարկումը, սակայն, հետագա ծավալում չունեցավ: Ըստ որոշ տեղեկությունների, խնդիրը քննարկվել է Հայաստանի ԱԽ քարտուղարի ստեփանակերտյան այցի ընթացքում, սակայն Արցախի քաղաքական ղեկավարությունը չի ընդառաջել:

Այս համապատկերին Կարեն Օհանջանյանը կանխատեսում է, որ նախագահական ընտրությունները կավարտվեն մեկ փուլով, Արայիկ Հարությունյանը կստանա քվեների 62, նրա գլխավորած դաշինքը՝ 51, իսկ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին սատարող «Արդարություն» կուսակցությունը՝ 24 տոկոսը: Օհանջանյանի վարկածով՝ խորհրդարան կանցնեն նաեւ Դաշնակցությունը եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը",- գրում է Աթանեսյանը:

  • Կիսվել: