շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մատաղիսում հայտնաբերվել է 4 զինծառայողի մարմին. ԱԻՊԾ

Մատաղիսում հայտնաբերվել է 4 զինծառայողի մարմին. ԱԻՊԾ

Մարտական գործողությունների՝ Մատաղիսի հատվածում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Հունվարի 5-ին Մատաղիսի տարածքից հայտնաբերվել է զինծառայողի ևս 4 մարմին: Այսօր որոնողական աշխատանքները շարունակվելու են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ»,- ասաց Թադևոսյանը:

Նա հավելեց, որ հնարավոր ողջ մնացածներին որոնելու համար մեկական խմբեր կաշխատեն Հադրութի տարածքում և Ֆիզուլի-Հադրութ ուղղությամբ:
 
Հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին: Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս մարմիններից և աճյուններից վերցվել է 1441 նմուշ: Հունվարի 1-ի դրությամբ մարմինների կամ աճյունների 871 նմուշ գտնվում է հետազոտման փուլում:
 
Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 436 մարմին: Վերջին 10 օրերին նույնականացվել է 66 մարմին:

  • Կիսվել: