ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մարտունու քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել Արայիկ Հարությունյանի հորդորով

Մարտունու քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել Արայիկ Հարությունյանի հորդորով

Այսօր իմ հորդորով Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանը, հայտնի միջադեպով պայմանավորված, հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Հայկն իմ լավագույն ընկերներից է, ում անվերապահորեն վստահել եմ «Ազատ հայրենիք» կուսակցության շրջանային գրասենյակի պատասխանատուի պաշտոնը: Նա մեր երկրի լեգենդար ազատամարտիկներից է, օրինակելի զինվորականի ճանապարհ է անցել եւ իր ժողովրդին ու հայրենիքին մատուցել անգնահատելի ծառայություններ: Համոզված եմ՝ անկախ հանգամանքներից՝ նա շարունակելու է մնալ մեր երկրի նվիրյալ զինվորը»:

Ավելի վաղ Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ խորհրդակցել է «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ (Հայկ Սարգսյանը ևս «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է):

Նշենք, որ Հայկ Սարգսյանը փորձելով կանխել նախընտրական շրջանում Արցախի հեղափոխական կուսակցության սանդրանքները, փակել էր կուսակցության անդամների ճանապարհը քաղաքի մուտքի մոտ։

 

 

  • Կիսվել: