ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարաղայի ջարդերից 30 տարի անց. Ստեփանակերտում ասուլիս է կազմակերպվել

Մարաղայի ջարդերից 30 տարի անց. Ստեփանակերտում ասուլիս է կազմակերպվել

1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղ և իրականացրել հայ ազգաբնակչության մասսայական ցեղասպանություն:

Այսօր՝ ապրիլի 9-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել առցանց ասուլիս՝ նվիրված Մարաղայի ցեղասպանության 30-րդ տարելիցին:
 
Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովի խոսքով՝ ասուլիսի նպատակն է անդրադառնալ ոչ միայն Մարաղայի կոտորածին, այլև՝ նախընթաց և դրան հաջորդող իրադարձություններին ևս:
 
«Այն, ինչ տեղի է ունեցել 1992 թվականի ապրիլի 9-10-ը ընկած ժամանակահատվածում Մարաղայում, բնականաբար, առանց երկմտելու, կարող ենք  ցեղասպանություն կոչել, քանի որ  տեղավորվում է ցեղասպանության մասին ՄԱԿ-ի համապատասխան կովենցիայի դրույթներում: Ադրբեջան կոչվող արհեստածին պետությունը իր ստեղծման պահից իրականացնում էր ցեղասպան քաղաքականություն, պատմամշակութային ժառանգության յուրացում և ոչնչացում, որին որևէ իրավական և քաղաքական գնահատականի չտրվեց: Դրան զուգահեռ` մենք ականատես էինք լինում մեր հայրենակիցների խոշտանգումների և առևանգումների դեպքերին: 1992 թվականի ապրիլի 9-ի երեկոյան գյուղի ուղղությամբ հրետակոծություն սկսեցին, այնուհետև, երբ  ապրիլի 10-ին ադրբեջանցիները ներթափանցեցին Մարաղա, ամենադաժան կերպով ցեղասպանություն իրականացրեցին` չխնայելով ոչ տարեցներին, ոչ երեխաներին»,-նշել է բանախոսը:
 
Հ. Ավանեսովը հատկանշական է համարել  բարոնուհի Քերոլայն Քոքսի խոսքերը. «Այն, ինչ տեղի է ունեցել Մարաղայում, 20-րդ դարի գողգոթան է»:
 
«Այդ ժամանակ Մարաղայում գտնվողները, ովքեր ականատեսն էին նշված իրադարձությունների, փաստում են, որ ամեն ինչ  նախապես ծրագրված էր: Այդ ցեղասպան քաղաքականության և ռազմական գործողությունների պատճառով Հին Մարաղան բռնազավթվեց Ադրբեջանի կողմից: Գյուղի բազմաթիվ բնակիչներ, որոնք հաստատվեցին այլ բնակավայրում և հիմնեցին Նոր Մարաղա բնակավայրը, ստեղծագործում ու արարում էին մինչև 2020 թվականը, երբ այս անգամ էլ օկուպացվեց Նոր Մարաղան»,-նշել է նա:
 
Բանախոսն ընդգծել է, որ այն, ինչ կատարվել է Մարաղայում, որևէ քաղաքական, իրավական գնահատականի այդպես էլ  չի արժանացել, և ովքեր կազմակերպել են այդ ցեղասպանությունը, ոչ մի կերպ որևէ  պատիժ չեն կրել, որի արդյունքում ձևավորվել է անպատժելիության մթնոլորտ:
 
«Որպես հստակ հարգանքի տուրք մեր հերոսների հիշատակին`   հաստատուն գործելաոճ որդեգրենք, որ մեր մասնագիտական խրամատներում կատարենք մեր աշխատանքը` ի նպաստ մեր հայրենիքի ու նրա շենացման, մեր պետականության վերականգնման։ Ծառայենք  մեկ ընդհանուր գաղափարի` մեր օկուպացված բնակավայրերի դեօկուպացիային»,-ընդհանրացրել է Հ. Ավանեսովը` կարևորելով, որ նման նախաձեռնությունները Կովկասագիտության կենտրոնի առանցքային հիմնախնդիրներից են։

  • Կիսվել: