երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մաղավուզում վերականգնման աշխատանքներ են ընթանում. համայնքապետ

Մաղավուզում վերականգնման աշխատանքներ են ընթանում. համայնքապետ

ԱՀ Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքը 439 բնակիչ ունի. պատերազմից հետո գյուղից հեռացող չի եղել:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մաղավուզի համայնքապետ Հրանտ Շիրինյանը:

«Համայնքում 24 տեղահանված բնակիչ է հաստատվել: Այս պահի դրությամբ 2 տուն է վերանորոգովում՝ Քաշաթաղից տեղահանված ընտանիքների համար: Գյուղում գործում է համայքնապետարան, ակումբ: Պետական ծրագրով վերանորոգվում են բուժկետն ու հանդիսությունների սրահը. աշխատանքներն ավարտման փուլում են: Դպրոցում սովորում է 91 աշակերտ: Մանկապարտեզ չունենք, բայց նախադպրոցական տարիքի 35 երեխա կա գյուղում: Պատերազմի ժամանակ 5 տուն է վնասվել, 1 անասնաֆերմա էլ լրիվությամբ այրվել է: Ներհամայնքային ճանապարհների մի մասը ասֆալտապատված է, մյուս մասի հողային աշխատանքներն են ավարտվել. նախատեսվում է առաջիկայում ասֆալտապատել նաև այդ ճանապարհները: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված չէ: Ունենք ջրի խնդիր, բայց, ըստ նախատեսվածի, պետք է ներքին ջրային ցանց կառուցվի»,- ներկայացրել է համայնքապետը:

Մեր զրուցակիցը ցավով է նշել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում գյուղը 2 զոհ է տվել, 1 զինծառայող, 1 աշխարհազորային և 2 խաղաղ բնակիչ վիրավորվել են:

Անդրադառնալով գյուղացիների զբաղվածությանը՝ համայնքի ղեկավարը ասել է, որ գյուղացիները հաղթահարում են դժվարություններն ու խնդիրերը՝ շարունակելով արարել սեփական հողի վրա ու տերը լինել իրենց երկրի:

  • Կիսվել: