հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը ընդունել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները դատապարտող բանաձև

Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը ընդունել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները դատապարտող բանաձև

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատը միաձայն ընդունել է Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ջիհադիստների գործողությունները դատապարտող բանաձև: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:

Բանաձևի տեքստը ստորև.

«Պատգամավորների պալատը՝

Նշելով 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծումը, որը նպատակ ուներ հասնել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությանը՝ Մինսկի խմբի գործընթացի և Մադրիդյան սկզբունքների ոտնահարմամբ, որոնք պարտավոր են հարգել Հայաստանը և Ադրբեջանը,

Հաշվի առնելով, որ Թուրքիան որոշիչ ռազմական և քաղաքական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հայկական ուժերի դեմ իր գործողություններում՝ տեղակայելով ջիհադիստ վարձկանների և տրամադրելով ռազմական տեխնիկա,

Արձանագրելով, որ պատերազմի և մինչ այդ Լեռնային Ղարաբաղի կողմից կառավարվող հազարավոր քառակուսի կիլոմետրերի օկուպացիայից հետո Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության անվտանգությունն ու ազատությունը երաշխավորված չեն, և որ պատերազմական հռետորաբանությունը պահպանվում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից,

Նկատի ունենալով երրորդ երկրների, մասնավորապես, Թուրքիայի ներգրավվածությամբ պայմանավորված բարդությունները, և սպառնալիքը, որը կներկայացներ լայնամասշտաբ պատերազմը Հարավային Կովկասում,

Հաշվի առնելով, որ 2020 թ. սեպտեմբերի 27 ին հակամարտության վերսկսումը, որը ապացուցեց որ «սառեցված հակամարտությունները» կարող են ծայրահեղ բռնկումների բերել եւ պայթել ամեն պահի, կարիք ունեն առանձնահատուկ լուծման,

Արձանագրելով, որ ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը դեռևս չեն կարողացել Լեռնային Ղարաբաղում գտնել հարատև խաղաղության լուծում,

Նշելով, որ Եվրոպական Միությունն ունի պատասխանատվություն՝ ապահովելու կայունությունը իր հարևանությունում և որ այն հայտարարել է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասում համաձայնությանը նպաստելու պատրաստակամության մասին,

Կոչ է անում կառավարությանը՝

Պահանջել քաղաքական գործընթացի պատրաստակամություն՝ հասնելու համար Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի և այս համատեքստում եվրոպական գործընկերների հետ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին,
Պահանջել մարդասիրական կազմակերպությունների շարունակական մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ ապահովելու համար արագ և համապատասխան անհետաձգելի օգնություն և նպաստել Լեռնային Ղարաբաղի հայերին աջակցության ծրագրի մշակմանը, ինչը թույլ կտա վերակառուցել այդ տարածքի ենթակառուցվածքները,

Ակնկալել խստորեն հարգել Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի հովանու ներքո նոյեմբերի 9-ին կնքված հրադադարը՝ խուսափելու համար մարդկային կյանքերի նոր կորուստներից, ապահովելու համար մարդու իրավունքների պահպանումը և գերիների ու զոհերի մարմինների արագ փոխանակումը,

Ակնկալել անցկացնել ռազմական հանցագործությունների անկախ հետաքննություն, որոնք մեծ քանակով արձանագրված են, այդ թվում՝ կասետային զինատեսակների կիրառումը, քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարձակումը, սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակների կիրառումը և ռազմագերիների հավաքական գնդակահարությունը, որոնց հեղինակները պետք է պատասխան տան իրավասու մարմինների առաջ,

Համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ երաշխավորելու համար բոլոր փախստականների և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից և հարակից շրջաններից տեղահանված անձանց՝ իրենց հայրենի օջախ վերադառնալու իրավունքի իրականացումը և նրանց անվտանգ կյանքի երաշխավորումը,

Անհրաժեշտության դեպքում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս կարգավորի իր տարածքում պարփակված հայկական բնակչության հետ հարաբերությունները և պատժամիջոցների ենթարկել ադրբեջանական քաղաքական և սոցիալական դերակատարներին, ովքեր կշարունակեն ատելություն և բռնություն իրականացնել հայերի նկատմամբ,
Աչալուրջ լինել, որպեսզի երաշխավորվի հայկական վանքերի, եկեղեցիների և մշակութային հուշարձանների պահպանությունը»։

  • Կիսվել: