հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«Լռության փոխարեն».կայացել է նահատակված բանաստեղծ Հայասեր Հովսեփյանի գրքի շնորհանդեսը

«Լռության փոխարեն».կայացել է նահատակված բանաստեղծ Հայասեր Հովսեփյանի գրքի շնորհանդեսը

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում տեղի է ունեցել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսամարտիկ, Արցախի գրական ընտանիքի անդամ, բանաստեղծ Հայասեր Հովսեփյանի «Լռության փոխարեն» գրքի շնորհանդեսը:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ գրքում, որը լույս է ընծայվել Հայասեր Հովսեփյանի մի խումբ ընկերների ջանքերով, ընդգրկված են նահատակված բանաստեղծի տարբեր տարիների ստեղծագործությունները:

Միջոցառմանը Հայասեր Հովսեփյանի մասին հուշեր է պատմել Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, նրա կուսակցական ընկեր Հայկ Խանումյանը:

«Ծանր է Հայասերի մասին անցյալով խոսելը: Մեր ընկերությունը գաղափարական հողի վրա էր հիմնված:

Այսօր, երբ կարդում եմ Հայասերի տարիներ առաջ գրված բանաստեղծոււթյունները, տեսնում եմ, որ մարգարեություններ են:

Առավել թանկի համար նա կյանքը դրեց զոհասեղանին և հեռվի տենչանքը բավարարեց հավերժի հեռավորությամբ»,-ասել է Հ. Խանումյանը:

Արցախի գրողների միությունը Հայասեր Հովսեփյանին հետմահու պարգևատրել է «Նարեկացի» մեդալով, որը նրա մայրիկին հանձնեց ԱԳՄ նախագահի տեղակալ, գրականագետ Ամալյա Գրիգորյանը:

«Հայասերը սխրագործել է ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև գրականության մեջ: Երբ ընթերցում ենք նրա պոեզիան, հասկանում ենք, որ խոսում է քաղաքացի բանաստեղծը, գաղափարական բանաստեղծը:

Նա բավականին համարձակ էր իր ստեղծագործական մտքերում: Հայասերը գրականություն է բերել խրամատն ու խրամատային կյանքը:

Նա առաջնագծի պոետ է, ով ամեն օր տեսել է մահը, պատերազմը, որ մարմնացել է իր գրականության մեջ»,-նշել է Ա.Գրիգորյանը:

Հայասերի հարազատ կրթօջախի՝ Խնուշինակի դպրոցի Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Իրա Հարությունյանը մեզ հետ զրույցում պատմել է,որ նա բանաստեղծական առաջին քայլերը կատարել է 9-րդ դասարանից:

«Իմացա, որ բանաստեղծություններ է գրում: Նա ամաչելով, շփոթված ինձ ցույց տվեց գրածներից մեկը:

Կարդացի և խրախուսեցի, որ շարունակի: Երբ վտանգված էր հայրենիքը, Հայասերը գիտակցված գրիչը  փոխարինեց զենքով:

Մենք կորցրեցինք տաղանդավոր մի երիտասարդի, ով ընդամենը 31 գարուն ապրեց»,-հավելել է ուսուցչուհին:

Հայասեր Հովսեփյանը 2015 թվականից Հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ծովատեղ համայնքի հիմնական դպրոցում:

Հերոսի մասին հուշեր պատմեցին նաև Հայասեր Հովսեփյանի մյուս ընկերները, գործընկերները՝ նրան բնութագրելով որպես նվիրված, վստահելի ընկեր, կենսասեր անձնավորություն: Միջոցառումն ուղեկցվել է բանաստեղծի ստեղծագործությունների ասմունքով:

  • Կիսվել: