երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Լիխտենշտայնի իշխանապետության արքայազնը և մարդասիրական այլ առաջնորդներ պատրաստակամություն են հայտնել գլխավորելու դեպի ԼՂ մարդասիրական օդային օգնությունը. Վարդանյան

Լիխտենշտայնի իշխանապետության արքայազնը և մարդասիրական այլ առաջնորդներ պատրաստակամություն են հայտնել գլխավորելու դեպի ԼՂ մարդասիրական օդային օգնությունը. Վարդանյան

Նորին Վսեմություն Լիխտենշտայնի արքայազն Միխաելը (Prince Michael) պատրաստակամություն է հայտնել գլխավորելու մարդասիրական օդային օգնությունը դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ (Արցախ) և գտնվելու այն օդանավի մեջ, որը թռչելու է տարածաշրջան՝ հասցնելու այդքան անհրաժեշտ սնունդն ու դեղորայքը՝ կազմակերպված «Ազնավուր» հիմնադրամի կողմից։ Այս մասին իր տելեգրամյան էջում հայտնել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

՛՛Ըստ այս մարդասիրական առաքելության մեր գործընկերներից մեկի՝ շվեյցարական Impact Investing Solutions ընկերության՝ «Նորին Վսեմություն Լիխտենշտայնի արքայազն Միխաելի հետ միասին աշխարհի այլ առաջնորդներ, պետությունների ներկա և նախկին ղեկավարներ ևս պատրաստ են կենսական անհրաժեշտության ապրանքներն օդային կամուրջով հասցնելու Լեռնային Ղարաբաղ, որտեղ 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, արդեն ութ ամսից ավելի է, ինչ զրկված է սննդից ու դեղորայքից»։

Դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օդային օգնություն կազմակերպելու կոչն առաջին անգամ հնչել է 2022 թվականի դեկտեմբերին համաշխարհային մարդասիրական առաջնորդների կողմից, որոնց թվում էին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեյմա Գբոուն, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար և առողջապահության նախկին նախարար Բեռնար Քուշները, կլիմայի և հավասարության քարոզիչ, Unilever-ի նախկին գործադիր տնօրեն Պոլ Պոլմանը, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, ինչպես նաև շատ ու շատ իրավապաշտպաններ և խաղաղության ակտիվիստներ:

Այսպիսով՝ կազմակերպվում է միջազգային մարդասիրական օդային մատակարարում, որը սննդամթերք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ է հասցնում տեղի բնակչությանը և դուրս բերում ծանր հիվանդներին: Վերջինների թվում են Ստեփանակերտի հանրապետական ​​բժշկական կենտրոնի մի քանի ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ, որոնց փրկության համար պահանջվում է անհետաձգելի բուժօգնություն, որը, սակայն, չի կարող պատշաճ կերպով մատուցվել շրջափակման պատճառով։

Միևնույն ժամանակ, քանի դեռ ճանապարհը շարունակում է արգելափակված մնալ, մարդասիրական օդային կամուրջը պետք է օգնի տեղի բնակչությանը՝ գոյատևելու ու դիմակայելու: Ստեփանակերտի օդանավակայանը կարող է շահագործվել այս նպատակով։ Սա որևէ լրացուցիչ ջանք չի պահանջելու միջազգային հանրությունից, բացառությամբ՝ ապահովելու օդային մատակարարումներն ու օդային կամրջի անվտանգությունը:

Պարենի համաշխարհային ծրագրին և Կարմիր խաչին կոչ է արվել առաջիկա օրերին կազմակերպել չվերթը, և Նորին Վսեմություն Լիխտենշտայնի արքայազն Միխաելը պատրաստ է գլխավորելու առաջին մարդասիրական առաքելությունը՛՛,-նշել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: