կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը որոշակի երաշխիք է.  Զատուլին

ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը որոշակի երաշխիք է. Զատուլին

ՌԴ խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղի հայերին պատմական և մշակութային ժառանգության պահպանման որոշակի երաշխիք կտա: Այս մասին NSN-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ներկայիս պայմաններն ընդունելի չեն հայ բնակչության վերադարձի համար։ Բայց ինքնին վերադարձը և այն փաստը, որ հարյուրավոր տարիներ հայեր են ապրել Լեռնային Ղարաբաղում, չեն կարող անտեսվել: Եթե ​​Ադրբեջանի ղեկավարությունը ողջ աշխարհի աչքում քաղաքակիրթ երևալու բարի կամք ու ցանկություն ունի, պետք է այդ մասին մտածի։ ՌԴ խաղաղապահները պետք են, քանի որ սա վերադարձողների համար որոշակի երաշխիք է և պատմամշակութային ժառանգության պահպանման որոշակի երաշխիք»:

Ըստ Զատուլինի՝ արցախահայերը չեն ցանկանում վերադառնալ այնտեղ, քանի որ այնտեղ ապրելու համար անհրաժեշտ կլինի ստանալ ադրբեջանական անձնագիր։ Նրա խոսքով՝ արցախցիները մտահոգված են նաև, որ Ադրբեջանի քաղաքացիություն ստանալուց հետո հետագայում ստիպված են լինելու պայքարել ՀՀ ԶՈւ-ի դեմ։

«Որոշակի հույս կա, որ հայ բնակչության մի մասը կարող է վերադառնալ։ Լեռնային Ղարաբաղի հայերը մտահոգված են, որ Ադրբեջանի քաղաքացիությունն իրենց վրա տարածելու փորձը կարող է հանգեցնել նրան, որ արական սեռի բնակչությունը զորակոչվի ադրբեջանական բանակ: Հաշվի առնելով ներկայիս հակամարտությունը, այդ թվում՝ սահմանային միջադեպերը, ԼՂ բնակիչները չեն ընդունի դա»,-կարծիք է հայտնել Զատուլինը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: