երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԼՂ-ից տեղանահվածներին հավաստիացրի, որ ՀՀ-ն իրենց տունն է, նրա իշխանությունները՝ իրենց կողքին․ Գեղարքունիքի մարզպետը հանդիպել է արցախցիների հետ

ԼՂ-ից տեղանահվածներին հավաստիացրի, որ ՀՀ-ն իրենց տունն է, նրա իշխանությունները՝ իրենց կողքին․ Գեղարքունիքի մարզպետը հանդիպել է արցախցիների հետ

Մարտի 6-ին Վարդենիսի համայնքապետարանում հանդիպում անցկացրի Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված բնակչության հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Հանդիպմանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Միասնական սոցիալական ծառայության Վարդենիսի տարածքային կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մինասյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, Վարդենիսի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ։

Ողջունելով արցախցիներին ու մյուս մասնակիցներին՝ նշեցի, որ հանդիպման համար ժամանակի սահմանափակում չկա, ուստի բոլորն անկաշկանդ կարող են ներկայացնել իրենց հուզող խնդիրները և տեղում ստանալ անհրաժեշտ պատասխաններն ու պարզաբանումները։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք ներկայացրին իրենց մտահոգությունները՝ կապված հաշմանդամության թոշակների, նպաստների հատկացման, փաստաթղթերի ճշգրտման, զբաղվածության, պետական աջակցությամբ նախատեսված բնակարանաշինական ծրագրերի բովանդակության իրազեկման, մինչ 2023 թվականի սեպտեմբերյան բռնի տեղահանումն առկա վարկային պարտավորությունների զրոյացման ու տարբեր այլ հարցերի հետ։

Արցախցիները միաժամանակ հայտնեցին իրենց շնորհակալությունը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին, Վարդենիսի համայնքապետարանին ու ողջ բնակչությանը՝ իրենց բոլոր հարցերում օժանդակելու և ջերմ վերաբերմունք ցուցաբերելու համար։

Մեկառմեկ պատասխանելով հարցերին, շեշտեցի, որ հիմականում ծանոթ եմ առաջ քաշված խնդիրներին, որոնք կարգավորելու նպատակով օրեր առաջ խորհրդակցություն եմ անցկացրել մարզի Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների տնօրենների հետ՝ տալով համապատասխան ցուցումներ։

Բարձրացված խնդիրները հիմնականում տեխնիկական բնույթի են, որոնք բոլորն էլ կկարգավորվեն առաջիկայում։ Անգամ Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների հետ ձեռնարկում ենք միջանկյալ լուծումներ, որպեսզի ոչ մի ընտանիք դուրս չմնա աջակցությունից և ամենօրյա ուշադրությունից։

Հանդիպման ավարտին հորդորեցի արցախցիներին՝ մնալ ու շարունակել ապրել Վարդենիսում և տուրք չտալ սադրիչ լուրերին, ասեկոսեներին ու խուճապի չմատնվել, այլ շարունակել ինտեգրվել տեղի հասարակությանը՝ Վարդենիսը համարելով իրենց հայրենի տունը։

Բոլոր լուրերը, տեղեկությունները, որոշումները փորձեն ճշգրտել պետական մարմիններից, համապատասխան պաշտոնատար անձանցից, հավաստի աղբյուրներից ու աշխատեն հեռու մնալ խուճապային տրամադրություններ ստեղծող մարդկանցից։

Կրկին անգամ հավաստիացրի, որ Հայաստանի Հանրապետությունը իրենց տունն է, նրա իշխանությունները՝ իրենց կողքին, իրենց հոգսերի հետ և որ մենք բոլորի համար հասանելի ենք օրվա բոլոր ժամերին, ու բարձրացված ոչ մի հիմնահարց մեր կողմից չի անտեսվի»,-ասել է նա։

  • Կիսվել: