երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 17000 աշակերտ արդեն ներգրավվել է ՀՀ դպրոցներում

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 17000 աշակերտ արդեն ներգրավվել է ՀՀ դպրոցներում

 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 17000 աշակերտ արդեն ներգրավվել է ՀՀ դպրոցներում: ՀՀ մարզերի դպրոցներ է գործուղվել ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 200 ուսուցիչ:

Այս մասին դեկտեմբերի 22-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության հարցին՝ նախարարի տեղակալը նշեց, որ այդ նպատակով կայքում գործարկվել է առանձին հարթակ, որտեղ ուսուցիչները կարող են լրացնել իրենց անձնական տվյալներն ու գրանցվել համակարգում:

«Համակարգում հասանելի է ուսուցչական թափուր աշխատատեղերի մասին ամբողջ տեղեկությունը, որը խմբավորված է ըստ մարզերի, բնակավայրերի և առարկաների: Այս ծրագրի շրջանակում հայտագրվել և ՀՀ մարզերի դպրոցներ է գործուղվել շուրջ 200 ուսուցիչ: ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 17000 աշակերտ արդեն ներգրավվել է ՀՀ դպրոցներում: Մենք անում ենք հնարավոր  ամեն ինչ երեխաների արագ ինտեգրման համար»,-ասաց նախարարի տեղակալը:

Սվաջյանն, ամփոփելով տարին, նշեց, որ Տավուշի մարզի բոլոր ուսհաստատությունների 1-12-րդ դասարաններում ուսուցումն իրականացվում է Հանրակրթության պետական նոր չափորոշչով: Ուսումնական տարվա ավարտին առաջին անգամ պետական ավարտական քննությունները կիրականացվեն նոր ձևաչափով՝ չափորոշչի պահանջներին համապատասխան:

Նախարարի տեղակալն  հավելեց, որ 2023 թվականին Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման նպատակով հաստատվել են 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-դ և 11-րդ դասարանների առարկայական չափորոշիչները և ծրագրերը: 2023-2024 ուստարում ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ներդրվել է նոր չափորոշիչը: Այդ նպատակով վերապատրաստվել են բոլոր դպրոցների տնօրենները, նրանց տեղակալները, ուսուցիչները:

«Դասագրքերի ստեղծման գործընթացն իրականացվել է մրցութային եղանակով, փորձաքննության փուլերը հաղթահարած ուսումնական նյութերը երաշխավորվել են գործածության: Դեռևս 2022 թվականին հայտարարվել էին դրամաշնորհային մրցույթներ՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների 65 անուն դասագրքերի համար։ 2023 թվականի հունիսի 1-ին հայտերի բացման արդյունքում պարզվել է, որ մասնակիցների կողմից հայտեր ներկայացվել են 49 անուն դասագրքի համար: 2-րդ դասարանի համար երաշխավորվել և տպագրվել են «Մայրենի», «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Կերպարվեստ», «Երաժշտություն», «Տեխնոլոգիա», «Շախմատ», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաների դասագրքերը: 5-րդ դասարանի համար երաշխավորվել և տպագրվել են «Մայրենի», «Մաթեմատիկա», «Անգլերեն», «Գերմաներեն», «Բնություն», «Երաժշտություն», «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաների դասագրքերը: 7-րդ դասարանի համար երաշխավորվել և տպագրվել են «Հայոց լեզու», «Գրականություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Անգլերեն», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Քիմիա», «Կենսաբանություն», «Երաժշտություն» առարկաների դասագրքերը: Գործընթացի լավարկման նպատակով մշակվել և շրջանառության փուլում է դասագրքերի ստեղծման և փորձաքննության գործընթացը կարգավորող հրամանի նախագիծը»,-ասաց Սվաջյանը:

2022-2023 ուստարվա դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաներին մասնակցել է 26 սովորող, որոնցից 5–ը՝ 2 տարբեր առարկաներից։ Արդյունքում արձանագրվել է 1 ոսկե, 4 արծաթե, 14 բրոնզե մեդալ, 5 գովասանագիր։  «2022-2023 ուստարվա դպրոցականների միջազգային այլ օլիմպիադաներին մասնակցել է 65 սովորող, որոնցից 4–ը՝ 2 տարբեր օլիմպիադաներում։ Արդյունքում արձանագրվել է 8 ոսկե, 9 արծաթե, 26 բրոնզե մեդալ, 1 գովասանագիր»,-եզրափակեց Արաքսիա Սվաջյանը։

  • Կիսվել: