ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի սահմաններում հայտնվել է չընդունված որոշմամբ. Մանասյան

Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի սահմաններում հայտնվել է չընդունված որոշմամբ. Մանասյան

Ադրբեջանն այս պահին հենվում է 1991 թ. դեկտեմբերի 16-ին Բրյուսելում Եվրոպայի ԱԳ նախարարների մակարդակով տեղի ունեցած խորհրդակցության վրա, որով որոշվել էր ճանաչել հետխորհրդային տարածքում նորանկախ պետությունները ԽՍՀՄ-ի սահմաններում։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

Նա, մասնավորապես, պարզաբանեց. ՛՛Գուցե մյուս բոլոր Հանրապետություններում դա իմաստ է ունեցել, բայց Ադրբեջանի դեպքում դա իմաստ չի ունեցել, որովհետեւ այդ ժամանակ ԼՂՀ-ն հռչակված էր Ադրբեջանին չպատկանող տարածքներում։ Ինչո՞ւ Ադրբեջանին չպատկանող տարածքներում, որովհետեւ 1991 թվականի հոկտեմբերի 18-ին մերօրյա ադրբեջանական հանրապետությունը հրապարակավ հրաժարվել էր Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից՝ առանց հղումներ կատարելու տարածքի, սահմանների՛՛։

Մանասյանը նշեց՝ եթե Եվրոպան ասել է՝ ես ճանաչելու եմ հանրապետությունները, դա բնավ չի նշանակում ճանաչման ակտը, որը քաղաքական ակտ է եւ տարածքային հարցեր չի որոշում։

Քաղաքագետը նաեւ հավելեց. ՛՛Երբ մենք խոսում ենք Շուռնուխի կոնկրետ մի ճանապարհի մասին, մոռանում եք, որ Շուռնուխն էլ, Ղարաբաղն էլ Ադրբեջանին չպատկանող տարածքներ են։ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի սահմաններում հայտնվել է չընդունված որոշմամբ՛՛։

Մանասյանի խոսքով՝ տարիների ընթացքում Ադրբեջանը մաս-մաս, բզկտելով կարողացել է եւ Հայաստանից, եւ Արցախից տարածքներ վերցնել.

Նրա խոսքով՝ այժմ մենք վերադառնում ենք Սովետական միության քարտեզին՝ առանց այդ տարածքներին վերաբերող իրավական հիմքերի: ՛՛Տարածքն իրավունք է սիրում։ Փաշինյանն ասում է՝ ես բանավոր համաձայնություն եմ տվել։ Տարածքը բանավոր համաձայնությամբ չեն լուծում։ Դա ասում է մի մարդ, որը պետական այր չէ, դա պետական այրի խոսք չէ, պետության պաշտպանի խոսք չէ։ Դրանք հայկական տարածքներ են՛՛:

  • Կիսվել: