ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ընդդեմ քաղաքական կամայականության

Ընդդեմ քաղաքական կամայականության

Լրատվամիջոցներից մեկն  «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի տեսակետն է փոխանցել՝ կապված Արցախի նախագահական ընտրությունների հետ: Այս մասին գրում է քաղաքագետ, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը։

«Տիկին Ալավերդյանը ներկայացել է նաեւ որպես Արցախի հարցերով փորձագետ: Փորձագետ Լարիսա Ալավերդյանն, ինչ խոսք, ազատ է տեսակետներ մշակելու եւ դրանք հանրությանը ներկայացնել, բայց երբեք՝ քաղաքական կամայականություններ թույլ տալու հարցում:

Այսպես, նա Արցախի նախագահի թեկնածուներից Արայիկ Հարությունյանին բնութագրում է որպես «մշտապես տնտեսական գործունեության մեջ ընդգրկվածի, ով երբեւիցե ինքնուրույն քաղաքական դերակատարություն չի ունեցել, որը վերաբերում է Արցախի հիմնահարցին»:

Սա ասվում է մի մարդու մասին, որ 2005թ. համախոհների հետ հիմնադրել է  «Ազատ հայրենիք» կուսակցությունը, նույն տարի խորհրդարանական ընտրություններում պատգամավորական մանդատների թվով խորհրդարանում զբաղեցրել երկրորդ տեղը, 2007թ.-ին նշանակվել Արցախի վարչապետ եւ տասը տարի պաշտոնավարել, իսկ այսօր գլխավորում է արցախյան ամաենաազդեցիկ քաղաքական ուժը՝ «Ազատ հայրենիք», կուսակցությունը, որը խորհրդարանում ամենամեծ խմբակցությունն ունի:

Ինչպե՞ս կարելի է վարչապետի պաշտոնում մեկ տասնամյակ պաշտոնավարած եւ ամենաազդեցիկ քաղաքական ուժի առաջնորդ մարդուն անվանել «երբեւիցե ինքնուրույն քաղաքական դերակատարություն չունեցողի»:

Եթե խոսքը վերաբերում է Արցախի հիմնահարցին, ապա ցանկության դեպքում Լարիսա Ալավերդյանը կարող է համացանցում ծանոթանալ վարչապետի պաշտոնում Արայիկ Հարությունյանի հարցազրույցին, որտեղ նա Արցախի համար անընդունելի է համարում կարգավորման «Մադրիդյան սկզբունքները»:

Նույն կեցվածքն Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը դրսեւորել է դեռեւս 2008թ. դեկտեմբերի 29-ին՝ ստորագրելով «Մադրիդյան սկզբունքները» կարգավորման տեսակետից Արցախի համար «ոչ հետաքրքիր» բնութագրող՝ ԱԺ քաղաքական ուժերի Հայտարարությունը: Լարիսա Ալեվերդյանը կարող է ունենալ Արցախի նախագահի նախընտրած թեկնածու:

Բայց ինչու՞ նրան քողարկված աջակցություն հայտնող իր դիտարկումներում նա փորձում է ստվեր ձգել հատկապես Արայիկ Հարությունյանի անվան եւ պետական-քաղաքական գործունեության վրա: Սա ի՞նչ քաղաքական կամայականություն է»,- մասնավորապես գրել է նա։

 

  • Կիսվել: