ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լաչինի միջանցքի շրջափակումը հումանիտար և աշխարհաքաղաքական հետևանքներ ունի Հարավային Կովկասի անվտանգության և կայունության համար․ ԵԽ պատգամավոր

Լաչինի միջանցքի շրջափակումը հումանիտար և աշխարհաքաղաքական հետևանքներ ունի Հարավային Կովկասի անվտանգության և կայունության համար․ ԵԽ պատգամավոր

Եվրոպական խորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստի ընթացքում հրավիրված «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները» վերնագրով հրատապ բանավեճ-քննարկման ժամանակ պատգամավոր Կլեմեն Գրոշելը ընդգծեց՝ Լաչինի միջանցքի շրջափակումը հումանիտար և աշխարհաքաղաքական հետևանքներ ունի Հարավային Կովկասի անվտանգության և կայունության համար։

«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիան, Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետ միասին, ունեն նույն օրինաչափությունները, որոնք մենք տեսել ենք Բալկանյան պատերազմի և Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի ընթացքում։ Սա խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և բացառում է համապարփակ խաղաղության ցանկացած հնարավորություն, որով երաշխավորված կլինեն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, տեղահանված անձանց վերադարձը և գերիների ազատ արձակումը։

Երկու երկրների միջև տևական խաղաղություն ունենալու համար Ադրբեջանը պետք է անհապաղ ապաշրջափակի Լաչինի միջանցքը ՝ հնարավոր դարձնելով ազատ տեղաշարժը և ապահովելով ապրանքների ու ծառայությունների հասանելիությունը, ազատի բոլոր գերիներին և դուրս բերի իր զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ։ Միևնույն ժամանակ, միջազգային հանրությունը պետք է քննարկի ռուս խաղաղապահների փոխարինումը միջազգային խաղաղապահների ՝ ՄԱԿ-ի մանդատի ներքո»,- նշել է նա իր ելույթում։

  • Կիսվել: