կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կրակողը թուրք հատուկջոկատային էր. Շուշիի մոտակայքում վիրավորված Արցախի «Ջրմուղի» աշխատակիցները մանրամասներ են պատմում արյունալի միջադեպից (տեսանյութ)

Կրակողը թուրք հատուկջոկատային էր. Շուշիի մոտակայքում վիրավորված Արցախի «Ջրմուղի» աշխատակիցները մանրամասներ են պատմում արյունալի միջադեպից (տեսանյութ)

Երեկ Շուշիի մոտակայքում ադրբեջանական կողմի կրակոցներիվ վիրավորված և Ստեփանակերտի հիվանդանոցում բուժվող Արցախի «Ջրմուղկոյուղու» երեք աշխատակիցներ մանրամասներ են պատմել արյունալի միջադեպից:

«Զինվորականի համազգեստով մեկը մոտներս եկավ ու սկսեց ճղճղալը, գոռգոռում էր։ Գևորգը ռուսերենով ասաց՝ ջուրը բաց է թողնում, մենք սարքում ենք։ Նորից սկսեց ճղճղալը, ռուսերեն ուշունց տվեց, բայց կիսատ պռատ՝ բառերը զոռով էր ասում։ Ասեցինք, որ էլ չենք աշխատի։ Ավտոմատով էր ուզում խփի, պիստալետը հանեց ու տղային կրակեց, սպանեց։ Հետո Գևորգին, հետո Արմենի վզին։

Էքսկավատորը արդեն խոդ էի տվել, դուռը բացեցի, սկսեց ճղճղալ, ասացի գործ չենք անում։ Էն խոխան վիրավոր գնաց նստեց սպրինտերը, Գևորգը եկավ դեպի ինձ, դուռը բացեցի։ Առաջից գնալիս դոշին խփեց, հետո Գևորգի մեջքին, հետո՝ ինձ։ Ուղիղ դիմացս էր կանգնած»,- պատմում է էքսկավատորավար Արմենը։

Վիրավորներից Գևորգն էլ պատմել է, որ ձեռքի հատվածում վիրավորում է ստացել, հասցրել տրակտորի բռնիչին ձեռքը մեկնել ու մյուս վիրավորի հետ շարժվել են դեպի «Զապրավկայի խաչմերուկ»՝ ռուսական անցակետի մոտ։

«Ռուսների պոստում էինք։ Առաջին օգնություն են բերում, սեղմում վերքին, որ շատ արյուն չգնա։ Ասում ենք՝ ձեր շտապօգնության ավտոն բերեք։ Մեզ հիմնարկի մեքենայով տարան։ Ճանապարհին Գագոն է զանգում շտապօգնություն»։

Կասկածները, որ կրակողը ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչ չէ, հաստատեցին նաև ականատեսները՝ վստահեցնելով, որ համազգեստից ենթադրվում է, որ կրակողը թուրք զինվորական էր։

«Ինձ թվում է թուրքական համազգեստ էր՝ հատուկ ջոկատային էր։ Սաղավարտ ուներ, զրահաբաճկոն, ծնկներին պլաստիկ կար՝ պոլնի էպիկիրովկա էր։ Ռուսերեն մի ուշունց է տվել ու էդա։ Նա սովորացրած էր, ցելով եկած էր»,- պատմել է վիրավորը։

Ըստ ականատեսի, այդ հատվածով սովորաբար 2-5 րոպեն մեկ մեքենաներ էին անցնում, սակայն դեպքից առաջ՝ մոտ 15 րոպե ճանապարհին մեքենա չեն նկատել, չեն հասկանում իրենց ինչպես է մոտեցել։ Դեպքը տեղի է ունեցել ռուսական անցակետից 400 մետր հեռավորության վրա։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմից կրակոցների հետևանքով երեկ զոհվել է Արցախի «Ջրմուղկոյուղու» 28-ամյա աշխատակիցը, մյուս երեքը տարբեր աստիճանի վիրավորումներով տեղափոխվել են Ստեփանակերտի հիվանդանոց:

Հրազենային վիրավորում ստացած 30-ամյա Գևորգ Մելքումյանի վիրահատությունը երեկ ավարտվել է բարեհաջող և այսօր առավոտյան նա ինքնուրույն է շնչում ՝ առանց արհեստական շնչառական ապարատի: Վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Մյուս 2 վիրավորվածների՝ 40-ամյա Արմեն Սարգսյանի և 42-ամյա Գագիկ Ղազարյանի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:

  • Կիսվել: