երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կրակոցները հիմնականում եղել են դիրքերի ուղղությամբ. Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնել

Կրակոցները հիմնականում եղել են դիրքերի ուղղությամբ. Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնել

Այսօր Կարմիր շուկայում ադրբեջանցիների կողմից կրակոցներն արձանագրվել են 11։40-ի դրությամբ։ Այս անգամ կրակահերթը սովորականից ավելի երկար է տևել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը` հղում անելով համայնքի ղեկավարի տրամադրած տեղեկությանը։

«Կրակոցները հիմնականում եղել են դիրքերի ուղղությամբ, ոչ թե բնակավայրերի։ Որևէ տուժած չկա, նյութական վնաս չկա»,- ասաց նա։ 

Կարմիր շուկան ադրբեջանական հենակետերից մոտ 2 կմ հեռավորության վրա է գտնվում, իսկ ամենամոտը Մխիթարաշենն է, որը գտնվում է Շուշիի հարևանությամբ։ Ադրբեջանական հենակետերն այստեղից մոտ 300 մետրի վրա են։ Թշնամին գրեթե ամենօրյա ռեժիմով սադրանքների է դիմում ոչ միայն Կարմիր շուկայի և Մխիթարաշենի, այլև բոլոր այն համայնքների ուղղությամբ, որոնք գտնվում են Շուշիի մերձակայքում։

«Կան համայնքներ, որտեղ հենակետերի և բնակավայրի հեռավորություն 200-ից մինչև  700 մետր է ձգվում։ Դրանք, օրինակ, Մարտունու շրջանի Միրիշեն, Ավդուլ, Նորշեն, Ասկերանի շրջանի Շոշ, Մխիթարաշեն, Սարուշեն համայնքներն են։ Մոտ 28 համայնք այս պահին նման իրավիճակում է գտնվում»,-հայտնեց Ստեփանյանը։

Նրա խոսքով` մինչև օրս կրակոցներից որևէ քաղաքացիական բնակիչ չի տուժել, բայց դրանք լրջագույն սպառնալիք են խաղաղ բնակչության համար։ Արցախի ՄԻՊ-ն արձանագրում է` բնակչության հետ հանդիպումներում վերջիններս պահանջում են, որ ռազմական հենակետերը հեռացվեն խաղաղ բնակավայրերի մոտակայքից։

«Ասել, թե բնակչությունը խուճապահար է`ճիշտ չէ, բայց բոլորի մոտ էլ անհանգստություն կա։ Նման իրավիճակում հնարավոր չէ ապրել։ Պետք է անպայման այդ հարցը լուծել։ Խաղաղ բնակավայրերի մոտ որևէ զինվորական չպետք է լինի, ինչպես մենք որևէ զինվորական չունենք Ադրբեջանի որևէ խաղաղ բնակավայրի մերձակայքում»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը։

Ստեփանյանը այս խնդիրը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է թե պետական, թե միջազգային ատյաններում, սակայն մինչև օրս դեռևս տեսանելի քայլեր չկան։ 

  • Կիսվել: