երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կրակելով Տավուշի դիրքերի ուղղությամբ՝ Ալիևն իր հստակ մեսիջն է ուղղել Փաշինյանին. Գրիգորի Այվազյան

Կրակելով Տավուշի դիրքերի ուղղությամբ՝ Ալիևն իր հստակ մեսիջն է ուղղել Փաշինյանին. Գրիգորի Այվազյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանն ասաց, որ չնայած արդեն երկար ժամանակ է անցել Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» անդամների ու ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցչի հետ հանդիպումից, այնուամենայնիվ, այդ հարցը մնում է կարևոր, քանի որ դրանով ԵԱՀԿ-ն, փաստորեն, հավասարակշռությունը խախտել է:

«Դա խախտում է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, չեզոքության կարգավիճակը»,-ասաց ադրբեջանագետը և հավելեց, որ, իր կարծիքով, այդ հանդիպման նախաձեռնությունը եկել է Ադրբեջանի կողմից, այլ ոչ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի:
Այվազյանը նշեց, որ իրենք հույս ունեն, որ նմանատիպ հանդիպում կկազմակերպվի նաև հայկական համայնքի հետ, ամեն դեպքում՝ դրա համար, նրա խոսքով, անհրաժեշտ է պետության աջակցությունը, քանի որ այդպիսի հանդիպումները հանպատրաստից չեն կազմակերպվում: «Հայկական կողմը պիտի ամեն ինչ անի, որ նման հանդիպում տեղի ունենա, այդպիսով հավասարակշռությունը կպահպանվի»,-ասաց նա:

Գրիգորի Այվազյանն անդրադարձավ նաև Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպմանը՝ նշելով, որ այն ցույց տվեց հայկական ու ադրբեջանական կողմերի դիրքորոշումների լիակատար տարբերությունը: Մյունխենյան հանդիպումը, ըստ նրա, ցույց տվեց նաև, որ հայկական կողմը կառուցողական մոտեցումներ ունի, մինչդեռ, ինչպես ընդգծեց Այվազյանը, Ալիևը դեռ հանդիպման ընթացքում հստակ ներկայացրեց ադրբեջանական կողմին ձեռնտու և ընդունելի միակ տարբերակը: Ադրբեջանագետի խոսքով՝ այս օրերին էլ Ադրբեջանն իր դիրքորոշումը ևս մեկ անգամ հայտնեց՝ մեր երկրի վարչապետի հարազատ Տավուշի սահմանից կրակելով հայկական դիրքերի վրա և իր մեսիջն ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ուստի, ըստ Այվազյանի, պետք է ավելի լուրջ զբաղվել Ադրբեջանի հարցով:

Այվազյանը խոսեց նաև Ադրբեջանում կայացած ու Արցախում սպասվող ընտրություններից: Այս առնչությամբ նա նշեց, որ ընտրությունները ցույց են տալիս, որ այս երկու համակարգերն անհամատեղելի են: Նա կարևորեց այն, որ մեր երկրի ղեկավարությունն ավանդույթ է դարձրել Արցախի ու ՀՀ Անվտանգության խորհուրդների նիստի համատեղ անցկացումը, ինչը ցույց է տալիս, որ կարևորագույն հարցերի շուրջ ՀՀ-ի ու Արցախի միջև լուրջ հակասություններ չկան:


Նշենք, որ Ժնևում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը զուգահեռ ընթանում էր Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գյանջալիևի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են Անվտանգության համաժողովի պանելային քննարկմանը:

Հիշեցնենք նաև, որ փետրվարի 23-ին ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է:

  • Կիսվել: