շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կովսական, Ալաշկերտ և Դիցմայրի համայնքներում հիմնել են ձիթապտղի այգիներ. ծրագրի պատասխանատու

Կովսական, Ալաշկերտ և Դիցմայրի համայնքներում հիմնել են ձիթապտղի այգիներ. ծրագրի պատասխանատու

Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ Քաշաթաղի շրջանի Կովսական, Ալաշկերտ և Դիցմայրի համայնքներում հիմնվել են ձիթապտղի այգիներ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կովսականի համայնքի ղեկավարի տեղակալ, ծրագրի պատասխանատու Հովիկ Դոնապետյանը: Նրա խոսքով՝ դեռևս 2019 թվականին հիմնադրամի միջոցներով Կովսականում հիմնել էր փոքր ձիթենու այգի՝ 6000 ձիթենիներով:

«Վերջերս Կովսական, Ալաշկերտ և Դիցմայրի համայնքների շուրջ 30 բնակիչների անվճար հիմունքներով տրամադրվել է 15 հազար ձիթենու տնկի: Հիմնադրամը նաև հատկացրել է ձիթենիների այգիների մշակման համար անհրաժեշտ տեխնիկական բոլոր միջոցները: Մոտ 38 հա ձիթենու այգիների հիմնման աշխատանքները գրեթե ավարտված են. նախատեսում ենք ապագայում ունենալ շուրջ 1000 հա այգի: Բնակլիմայական պայմանները նպաստում են, որպեսզի նշված համայնքներում ձիթենու բավարար բերք ստանանք: Ունենք գյուղատնտես, ով պարբերաբար շրջում է այգիներով և, համապատասխան աշխատանքներ իրականացնելով, խորհուրդներ տալիս այգիների տերերին և պատասխանում նրանց հուզող հարցերին: Ծրագրում ենք, մի քանի տարի անց հիմնել նաև ձեթի գործարան՝ տնկված այգիներից ստացված բերքով»,- մասնավորապես ասել է Հ. Դոնապետյանը:

  • Կիսվել: