ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կորցրածը վերագտնելու հույսով... Մի ընտանիքի պատմություն

Կորցրածը վերագտնելու հույսով... Մի ընտանիքի պատմություն

Աբրահամյանների ընտանիքը 2020 թվականի աշնանային պատերազմից հետո ստիպված տեղահանվել է ԱՀ Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ համայնքից և 2021թ. մարտ ամսից բնակություն  հաստատել Ստեփանակերտում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընտանիքի մայրը՝ 46-ամյա Գեղեցիկ Մարգարյանը պատմեց, որ մինչև  չարաբաստիկ պատերազմը  երկար տարիներ ապրում էին Մոշաթաղի իրենց տանը: Նա կարոտով է հիշում այդ տարիները։ Ինքն ուսուցչուհի էր, ամուսինն էլ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության անվտանգության աշխատակիցն էր։ Զուգահեռ` զբաղվում էին անասնապահությամբ, հողագործությամբ։ Հիմա են զգում` երջանիկ էին։
 
«Ընտանիքս բաղկացած է 5 անդամից՝ ամուսինս, ես, երկու աղջիկներս ու տղաս: Ամուսինս չի աշխատում. աշխատանք չենք կարողանում գտնել: Բարի մարդկանց կամեցողության ու սրտացավության շնորհիվ 2021 թվականի  սեպտեմբերի 1-ից ես Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան համար 7 դպրոցում «Շախմատ» եմ դասավանդում: Աղջիկներիցս մեկը սովորում է Ստեփանակերտի Հակոբ  Գյուրջյանի անվան  արվեստի դպրոցում, իսկ մյուսը՝ Գրիգոր Նարեկացի համալսարանում, տղաս էլ հաճախում է Եղիշե Չարենցի անվան համար 7 դպրոց»,- պատմել է Գ. Մարգարյանը:
 
Մեր զրուցակցի խոսքով՝ ինչպես բոլոր տեղահանված ընտանիքները,  իրենք էլ   կացարանի խնդիր ունեն:
 
«Սկզբնական շրջանում եղբորս ընտանիքի հետ միասին բնակվում էինք իրենց տանը:  Շատ մեծ դժվարությամբ մի տուն գտանք,  բնակվարձը, սակայն, մեզ համար շատ թանկ է: Մինչ օրս «Կարմիր խաչ» -ի Ստեփանակերտի գրասենյակի կողմից տեղահանված ընտանիքների անչափահաս երեխաներին  տրամադրվող դրամական աջակցությունից եմ օգտվել, ինչպես նաև պետության կողմից իրականացվող ծրագրերից»,- նշել է տիկին Գեղեցիկը:
 
Նա հույս է հայտնել, որ մի օր անպայման կվերադառնան տուն ու նորից կշենացնեն այն։

  • Կիսվել: