ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Коммерсантъ-ի թղթակիցը պատմել է՝ ինչպիսի իրավիճակ է Ստեփանակերտում և Շուշիում (լուսանկարներ)

Коммерсантъ-ի թղթակիցը պատմել է՝ ինչպիսի իրավիճակ է Ստեփանակերտում և Շուշիում (լուսանկարներ)

Թեև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար հրադադար է հայտարարված, սակայն կրակի ամբողջական դադարեցման մասին դեռևս հնարավոր չէ խոսել, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Коммерсантъ-ի թղթակիցը Ստեփանակերտից: Եվ թեպետ իրավիճակը լարված է, այնուամենայնիվ, ռուս լրագրող Ալեքսանդր Չորնիխը փորձել է ԼՂ մայրաքաղաքում փնտրել խաղաղ կյանքին վերադառնալու առաջին համեստ փորձերը:

Նրա խոսքով՝ երկուշաբթի Ստեփանակերտը բավականին խաղաղ է եղել: Մարդիկ զբոսնում են, ճանապարհներին ավելի շատ մեքենաներ են երևում: Բացվել են մի քանի մթերային խանութներ և նույնիսկ սրճարաններ: Բջջային կապ դեռ չկա. այն կամ դեռ չեն վերանորոգել կամ չեն միացնում ռազմական նկատառումներից ելնելով:

Коммерсантъ-ի թղթակիցը որոշել է ստուգել իրավիճակը նաև հարևան Շուշի քաղաքում: Այնտեղ կարելի է հասնել միայն պատահական մեքենաներով. առաջինը կանգ է առնում շտապօգնության հին մեքենան, որը վիրավորներին Երևան է տեղափոխում: Մեքենային ղեկին Սեյրան անունով երիտասարդ տղա է, իսկ կողքին՝ մեկ ուրիշ երիտասարդ՝ Ռուբիկը: Նրանք երկուսն էլ բժշկության հետ կապ չունեն, կամավորներ են:

«Մենք, իհարկե, միայն թեթև վիրավորներին ենք տեղափոխում: Ծանր վիրավորների համար այս մեքենան հարմար չէ, բացի այդ էլ մենք փորձ չունենք: Հինգ-վեց ժամում հասցնում ենք Երևան և անմիջապես հետ գալիս»,- պատմում է վարորդը:

Մեքենայում զինվորներից մեկը պառկած է, ևս երեքը նստած են նրա կողքին: Չնայած հրադադարին՝ նրանց բոլորի մոտ առկա են թարմ բեկորային վնասվածքներ: Պարզվում է նրանցի մեկը վիրավորվել է կիրակի՝ Հադրութում՝ այս պահին հակամարտության ամենաթեժ կետում:

արցախ

Զինվորները պատմում են, որ իրենց վերևում անօդաչու է պտտվել, և ուղիղ 3 րոպե անց արկն ընկել է, մի քանի մարդ վիրավորվել է: Նրանք նշել են, որ այժմ էլ անընդհատ փոխհրաձգություններ են, անօդաչուներ են թռչում, այնուհետև արկեր են ընկնում: Երբեմն էլ անօդաչուներն են կրակում, սակայն դրանք ավելի շատ տեղեկություն են հավաքում:

արցախ

Հաջորդ մեքենան թղթակիցներին հասցնում է անմիջապես Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ: Մուտքի մոտ թավջութակով կանգնած է բարձրահասակ երիտասարդ, նրա հետ է հայկական հեռուստաընկերության նկարահանող խումբը: Բելգիայում բնակվող երաժիշտ Սևակ Ավանեսյանը Արցախ է եկել խաղաղության առաքելությամբ՝ նվագել Շուշիի տաճարում:

արցախ

«Ես եկել եմ, որպեսզի աշխարհին ասեմ՝ չի կարելի գնդակոծել եկեղեցիները: Ես այստեղ կկատարեմ մեր մեծագույն երգահան Կոմիտասի երաժշտությունը, որը Ցեղասպանությունից մի կերպ է փրկվել և ստիպված է եղել լքել հայրենիքը: Այնուհետև Կոմիտասը գրել է «Կռունկ»-ը: Յուրաքանչյուր հայ, որն ապրում է Հայաստանից դուրս, երբ երկնքում կռունկ է տեսնում, հարցնում է՝ ինչպե՞ս է իմ հայրենիքը: Ես նույնպես, ցավոք, Հայաստանում չեմ ապրում, և սա շատ կարևոր երաժշտություն է իմ համար»,- պատմել է երաժիշտը:

Մի քանի րոպե ավերված տաճարը լցվում է տխուր մեղեդիով. Սևակը նվագում է առանց նոտաների, փակ աչքերով:

արցախ
Հատկանշական է Коммерсантъ-ի մեկ այլ թղթակից, որն այս պահին գտնվում է Ադրբեջանում, հույս է հայտնել, որ երկուշաբթի կհաջողվի վերջապես մեկնել տարածքներ, որոնք զբաղեցնում են երկրի զինված ուժերը: Սակայն մեկնումից կես ժամ առաջ ռուս լրագրողների այցը չեղարկում են, իբրև թե անվտանգության նկատառումներով: Կեսճանապարհին կանգնեցրել են նաև նրանց, ովքեր մեկնում էին Բաքվից: Ընդ որում, ադրբեջանական պաշտոնական լրահոսում, որքան էլ, որ տարօրինակ է, իրավիճակի սրացման մասին խոսք չկա:

արցախ

  • Կիսվել: