հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կոլխոզաշենում զարգացման ծրագրեր են իրականացվում. համայնքը երիտասարդական կենտրոն կունենա

Կոլխոզաշենում զարգացման ծրագրեր են իրականացվում. համայնքը երիտասարդական կենտրոն կունենա

Աշոտ Գաբրիելյանը ԱՀ Ասկերան քաղաքից է, բայց սովորում և աշխատում էր Երևանում:

Այժմ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնքի Հրաչյա Բեգլարյանի անվան միջնակարգ դպրոցում անգլերեն է դասավանդում և իր աշակերտների հետ մշակել է համայնքային զարգացման ծրագրեր:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ա. Գաբրիելյանը նշեց, որ դպրոցի աշակերտների հետ հիմնադրել են «Արցախի Երիտասարդ Քաղաքացիներ» ակումբը, որի շրջանակներում փորձում են համայնքի առջև ծառացած տարբեր խնդիրներին լուծումներ գտնել։

Բնութագրությունը հասանալի չէ

«Ակումբի շրջանակներում ուսումնասիրում ենք Փոփոխությունների հիման վրա ուսումնառության մոդելը (ՓՀՈւ), որի շրջանակներում էլ մշակել ենք երկու ծրագիր։ Բազմաթիվ հետազոտություններից հետո հասկացանք, որ գյուղը ճանաչելիության խնդիր ունի, որն էլ փորձելու ենք լուծել «ԿոլխոզՔվեսթ» նախագծով։ Սա իրենից ներկայացնում է քվեսթ-խաղ, որի ընթացքում մասնակիցները, տարբեր առաջադրանքներ կատարելով, ծանոթանալու են գյուղի պատմությանը, մշակութային արժեքներին ու բնական ռեսուրներին։ Սա թույլ է տալու մեզ կոտրել գյուղի անվան հետ կապված կարծրատիպերը։ Նշեմ, որ այս ծրագրի համար իրականացրել ենք ֆոնդհայթայթում և, ի ուրախություն մեզ, աշակերտներս կարողացան հավաքել անհրաժեշտ գումարը ընդամենը մեկ ժամում։ ԿոլխոզՔվեսթը նախատեսում ենք իրականացնել մարտ-ապրիլ ամիսներին և, հաջողության դեպքում, շարունակական բնույթ է կրելու», - ներկայացրեց Ա. Գաբրիելյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ երկրորդ նախագիծը «Ջանէ» կենտրոնն է, որտեղ գործելու է նախագծերի ինկուբատոր։ «Ջանէ»-ն, ըստ երևույթին, երիտասարդական կենտրոն է լինելու: Նախատեսում ենք այստեղ հավաքել գյուղի ակտիվ և մոտիվացված երիտասարդներին և միասին լուծումներ տալ տարբեր մարտահրավերների։ Համայնքի գյուղապետարանը մեզ տրամադրել է սենյակ, որն էլ փոխակերպելու ենք երիտասարդական կենտրոնի։ Նախատեսում ենք այստեղ զարգացնել քաղաքացիական կրթությունը, համայնքային ազդեցության ծրագրեր մշակել, ինչպես նաև ապահովել տեղի երիտասարդների ժամանցը ոչ ֆորմալ կրթության միջոցով (գրքի քննարկումներ, ֆիլմերի դիտում, բանախոսների հյուրընկալում և այլն): Կենտրոնի համար մշակել ենք տարբերանշան։ Դեղինով պատկերել ենք Կոլխոզաշենն իր խնդիրներով, իսկ կապույտով` խնդիրներին լուծումներ տալու մեր մոտիվացիան։ Իսկ ինչու «Ջանէ»։ Կոլխոզաշենում այսպես են դիմում ամենաթանկ մարդկանց, իսկ քանի որ այս կենտրոնում ներդնելու ենք մեր ամենաթանկ ժամանակն ու գաղափարները, որոշեցինք կենտրոնը անվանել «Ջանէ»։ Գյուղապետարանի տրամադրած սենյակը, սակայն, ունի վերանորոգման կարիք, և մեզ աջակցություն է պետք, քանի որ անհրաժեշտ են դոնորներ, ովքեր պատրաստ են թե՛ ֆինանսական, թե՛ գույքային ձևով նվիրատվություններ կատարել «Ջանէ» - ի ստեղծման համար։ Խոսքը մեծ գումարների մասին չէ, բայց, առկայության դեպքում, հնարավոր կլինի ևս մեկ ծերացող գյուղի նոր կյանք պարգևել, քանի որ երիտասարդներն են յուրաքանչյուր համայնքի շարժիչ ուժը»,- հավելեց Ա. Գաբրիելյանը։

  • Կիսվել: