ԿԽՄԿ-ն տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող հայ անձանց, նրանց հետ առանձնազրույցներ ունեցել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
«Համաձայն մեր կազմակերպության ընթացակարգերի և ձևաչափի՝ մեր թիմի անդամները առանձնազրույցների ձևաչափով զրուցել են պահվող անձանցից յուրաքանչյուրի հետ՝ բնականաբար, նպատակ ունենալով գնահատել պահման պայմանները, առողջական վիճակը և նրանց հանդեպ վերաբերմունքը»,-նշեց Զառա Ամատունին:
Հաշվի առնելով, որ ԿԽՄԿ-ն Բաքվում այլևս ներկայացուցչություն չունի՝ այցը կազմակերպվել է անմիջապես Ժնևից՝ կազմակերպության գլխամասից։
«ԿԽՄԿ-ն պատրաստակամ է այս ուղղությամբ շարունակական աշխատանք կատարել»,-ընդգծեց Ամատունին։



