շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԿԽՄԿ-ն աջակցություն է տրամադրել Արցախում ապրող միայնակ 432 տարեցների

ԿԽՄԿ-ն աջակցություն է տրամադրել Արցախում ապրող միայնակ 432 տարեցների

Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հիսուն հազարական դրամի չափով միանվագ ֆինանսական օժանդակություն է տրամադրել Արցախում ապրող միայնակ 432 տարեցների։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը:

«Այս օգնության միջոցով խոցելի անձինք հնարավորություն են ունենալու պահեստավորելու լրացուցիչ սնունդ և այլ անհրաժեշտ ապրանքներ, ինչպիսիք են, օրինակ, հիգիենայի պարագաները՝ սահմանափակելով արտաքին շփումներն ու հնարավորություն ունենալով մնալ տանը՝ կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու հիվանդանալու ռիսկը նվազեցնելու համար»,-մասնավորապես ավելացրել է Է. Մուսայելյանը:

Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ն, միանվագ ֆինանսական օժանդակությանը զուգահեռ, անհատապես կապվել է տարեցների հետ՝ նրանց տեղեկացնելով այն միջոցառումների և գործողությունների մասին, որոնք վերջիններս արդեն իսկ կարող են ձեռնարկել խուսափելու համար համավարակի ազդեցությունից: Այս առումով, ԿԽՄԿ առաքելությունը բնակչության տվյալ խմբի համար սահմանել է նաև շուրջօրյա թեժ գիծ:

«Տարածաշրջանում կորոնավիրուսի բռնկմամբ և Լեռնային Ղարաբաղում արդեն հաստատված դեպքերի առկայությամբ պայմանավորված՝ ԿԽՄԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում համապատասխանեցնում է իր գործունեությունը ներկայիս իրականությանը` իր որոշ ծրագրերն ու ռեսուրսներն ուղղելով կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը՝ աջակցելով բնակչության առավել խոցելի խմբերի շրջանում վարակի փոխանցման ռիսկի նվազեցմանը: ԿԽՄԿ-ն մշտական երկխոսության մեջ է գտնվում սոցիալական պաշտպանության մարմինների հետ՝ շտկելով համավարակի տեսանկյունից բնակչության խոցելի կատեգորիաներին ուղղված իր աջակցության ձևերը»,-տեղեկացրել է մեր զրուցակիցը:

  • Կիսվել: