ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում կկայանա պետական սեփականություն հանդիսացող ավտոմեքենաների հերթական աճուրդը

Արցախում կկայանա պետական սեփականություն հանդիսացող ավտոմեքենաների հերթական աճուրդը

Հուլիսի 4-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի շենքում տեղի կունենան պետական սեփականություն հանդիսացող երկու ավտոմեքենայի աճուրդներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի պետական գույքի վարչության պետի տեղակալ, մասնավորեցման և օտարման բաժնի պետ Դիանա Գրիգորյանը:

Նրա տեղեկացմամբ՝ աճուրդի կհանվի ԱՀ Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության երկու ավտոմեքենա՝ «DAIMLER BENZ L911B» (պ/հ 921VV01, ն/հ՝ 35310214859555, ֆուրգոն) և UAZ (Ա/Մ UAZ 390995-460-04 (պ/հ 9531VV01, ն/հ՝ XTT390995G1207699, լիաքարշակ) մակնիշների: Ավտոմեքենաների մեկնարկային գները կազմում են համապատասխանաբար՝ 1մլն 520 հազար ՀՀ դրամ և 1 մլն 840 հազար ՀՀ դրամ, ընդհանուր ակնկալվող արժեքը 3 միլիոն 360 հազար ՀՀ դրամ է:

«Աճուրդներին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք ընդհուպ մինչև աճուրդին մասնակցության հայտերի ու փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետը՝ աճուրդի բացմանը նախորդող օրվա ժամը 17:00-ն, աճուրդային հանձնաժողովին են ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր: Աճուրդները կանցկացվեն դասական՝ գնի ավելացման եղանակով:

Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ են աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը յուրաքանչյուր նախընտրած լոտի համար, որի չափն է գույքի (լոտի) մեկնարկային գնի 5 տոկոսը, աճուրդի մասնակցության վճարը(1000 դրամը) գույքի (լոտի) գնի մեջ չի ներառվում և, անկախ աճուրդի արդյունքներից, չի վերադարձվում, անձնագիրը, իրավաբանական անձինք և համայնքները՝ նաև հիմնադրի (համայնքի ղեկավարի)` աճուրդին մասնակցելու լիազորությունները հաստատող փաստաթղթերը՝ նշելով յուրաքանչյուր նախընտրած լոտի համարը, ինչպես նաև անձնագրի և այդ փաստաթղթերի պատճենները՝ յուրաքանչյուր նախընտրած լոտի համար»,-ներկայացրել է Դ. Գրիգորյանը՝ հավելելով, որ, անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում, աճուրդային հանձնաժողովը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական:

Վարչության պետի տեղակալի խոսքով՝ աճուրդին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր օրենքով սահմանված կարգով վաճառվող լոտի (գույքի) նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք: Աճուրդին կարող են ներկա գտնվել դիտորդներ` աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճար` 3000 դրամ:

Աճուրդի մասնակիցների անձնագրի և մասնակցի վկայականի առկայությունը պարտադիր է, լիազորված անձի դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող փաստաթղթերը:

«Աճուրդավարի կողմից աճուրդի հաղթող համարված մասնակիցը (գնորդը) տեղում վճարում է իր կողմից առաջարկված գնի 5 տոկոսը և ստորագրում արձանագրությունը աճուրդի արդյունքների մասին: Հաղթող ճանաչված մասնակիցը կամ գնորդը արձանագրության ստորագրման օրվանից սկսած 10-օրյա ժամկետում պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը` հաշվանցելով նախավճարը և տեղում վճարված առաջարկված գնի 5 տոկոսը՝ աճուրդային հանձնաժողովին ներկայացնելով վճարումը հավաստող անդորրագրերը: Սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում՝ հաղթող ճանաչված մասնակիցը զրկվում է աճուրդի նախավճարից և տեղում վճարված առաջարկված գնի 5 տոկոսից, իսկ լոտի աճուրդը համարվում է չկայացած: Այս դեպքում լոտերը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով: Աճուրդում վաճառված լոտի գոյացած գինը բազային նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափը չգերազանցելու դեպքում՝ հաղթող մասնակիցը աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրման օրը վճարում է լոտի ամբողջ գումարը»,-մանրամասնել է նա:

Մեր զրուցակիցն իրազեկել է, որ աճուրդում չհաղթող մասնակցին մուծված նախավճարը վերադարձվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում:

  • Կիսվել: