հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կկարողանանք անցնցում անցել ընտրական փուլը, տնտեսական ներուժի զարգացումը չի վտանգվի. ԱՀ պետնախարար (տեսանյութ)

Կկարողանանք անցնցում անցել ընտրական փուլը, տնտեսական ներուժի զարգացումը չի վտանգվի. ԱՀ պետնախարար (տեսանյութ)

Արցախի Հանրապետության կառավարությունը հաստատել է 2020-ի պետական բյուջեի միջոցների հաշվին կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագիրը, ընդհանուր գումարը կազմում է 19 մլրդ 700 մլն դրամ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ հավելով, որ պետական պատվերի  շրջանակում գերակա  ուղղություններից են բնակարանային, ճանապարհային, կրթամշակութային հիմնարկների շինարարությունը: Նա վստահեցրեց, որ միջոցները բաշխվելու են՝ ելնելով տարածքային համաչափ զարգացման սկզբունքից:
 
«Բնակարանաշինության մեջ ընգրկվում է առանձին սոցիալական խմբերի համար բնակելի տների կառուցման, վերանորոգման ծրագրերը, մասնավորապես բազմազավակ ընտանիքների, զոհված ազատամարտիկների ընտանիքների և այլ խմբերի համար։ Կան նաև մի քանի առանձին նպատակային ծրագրեր, ինչպիսին են, օրինակ, շրջկենտրոններում և Ստեփանակերտում  բնակելի թաղամասերի կառուցման աշխատանքները, որոնք պետությունը  համաֆինանսավորմամբ  է իրականացնում, մասնավոր շրջանակների հետ համագործակցությամբ»,-մանրամասնեց Գրիգորի Մարտիրոսյանը:
 
Պետնախարարը նշեց, որ Թալիշում ևս բնակարանաշինության ծրագրերը շարունակվում են, գյուղի համար հիմնական նշանակություն ունեցող կառույցների  հետ կապված աշխատանքները ավարտվել են:
 
Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ բացի պետական ներդրումներից, տարբեր ոլորտներում մասնավոր ներդրումներ ևս ակնկալվում են: Նա վստահեցրեց, որ ներդրումային միջավայրը  գրավիչ դարձնելու համար բազմաթիվ փոփոխություններ են իրականացվում:
 
«2019-ին օրենսդրական փոփոխություն իրականացվեց և ՏՏ ոլորտում ներդրվեց հարկային արտոնությունների լայն հնարավորություն, այսինքն՝  ոլորտի ընկերությունները  համապատասխան փաստաթղթերի ստուգումից հետո ստանում են սերտիֆիկատ, ազատվում են շահութահարկից, եկամտահարկի նվազ դրույքաչափով են հարկվում», -ասաց նա:
 
Անդրադառնալով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերին՝ պետնախարարն ասաց, որ դրանք հիմնականում կապված են պաշտպանության բանակի մարտունակության հետ,  խոսքը մեծ ծավալի մասին է, բայց դրանց կոնկրետ ուղղությունները հիմնականում հրապարկման ենթակա չեն:
 
«Ինչպես տեղյակ եք, նաև սննդի նոր մատակարարման համակարգ է ներդրվել, այս պահի դրությամբ բոլոր զորամասերը չեն անցել նոր համակարգի, բայց կա սահմանված  ժամանակացույց և այն կազմակերպությունները, որոնք ստանձնել են այդ պարտավորությունը, ըստ ժամանակացույցի կատարում են աշխատանքները»,-ընդգծեց նա:
 
Գրիգորի Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ 2019-ի տնտեսական վիճակագրական տվյալները դեռևս ամբողջությամբ ամփոփված չեն, սակայն այս պահի դրությամբ նախնական տեղեկությունների համաձայն տնտեսական աճի ցուցանիշը կլինի 9 տոկոսից բարձր:
 
Անդրադառնալով Արցախի Հանրապետություն 2-րդ բջջային օպերատորի մուտքի հնարավորությանը՝ Գրիգորի Մարտիրոսյանն ասաց, որ կան տարբեր իրավական հարցեր, գործընթացը պիտի շարունակվի: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք ԱՀ շուկայի մեծությունը  բավարար է 2-րդ օպերատորի մուտքի համար, պետնախարարն ասաց, որ իրենց  գնահատականները պիտի տան առանձին տնտեսավարող սուբյեկտները, տարբեր կարծիքներ են հնչում, անհրաժեշտ է գնահատել տնտեսական ներուժը:
 
Անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ կարող են ընտրական գործընթացներն ազդել  ընդհանուր տնտեսական իրավիճակի, ներդրումային միջավայրի վրա, քանի որ արդեն իսկ   ակնհայտ է, որ լարված գործընթացներ են սպասվում, Գրիգորի Մարտիրոսյանն ասաց.
 
«Սովորաբար նախընտրական ժամանակահատվածում խոշոր ներդրումային ծրագրերը  հետաձգվում են, ամբողջ աշխարհում այդպիսի պրակտիկա գոյություն ունի, հիմնականում խոշոր ներդրողներն այս ժամանակահատվածներում որոշակի զսպվածություն են ցուցաբերում, բայց ես կարծում եմ, որ մենք ամեն դեպքում կկարողանանք անցնցում անցել նաև այս  ընտրությունների փուլը, որոնք շատ կարևոր են մեր հանրապետության հետագա զարգացման համար և մեր տնտեսական ներուժի զարգացումը չի վտանգվի, հակառակը՝ վերելք կապրի 2020-ին»,-նշեց նա:

  • Կիսվել: