չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կիպրոսի ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքում

Կիպրոսի ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքում

Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը մտահոգված է Լաչինի միջանցքում երթևեկության խափանումների մասին ահազանգերից, ինչը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջափակմանը և դեպի տարածք տանող մատակարարման գծի խափանմանը։

«Մտահոգությունն էլ ավելի է սրվում բնական գազի մատակարարման ընդհատման մասին տեղեկություններով։
Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ամբողջապես վերականգնել երթևեկությունն ու էներգամատակարարումը` տարածաշրջանում հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ ԱՄՆ-ը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով երթևեկությունը։

Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ հոկտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 10:30-ի հատվածում, կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դրա հետևանքով ընդհատվել է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։


ԱՀ ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները:

Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը։ Արցախում ժամանակավորապես չեն գործի այն դպրոցները, որոնք ջեռուցվում են գազով։
Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս․ կոչ է արվում խնայողաբար օգտագործել վառելիքը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: