շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կհրապարակվեն այն ուժերի անունները, որոնք դիրքորոշում են հայտնել Արցախի վերաբերյալ հայտարարության մասին․ Սաղաթելյան

Կհրապարակվեն այն ուժերի անունները, որոնք դիրքորոշում են հայտնել Արցախի վերաբերյալ հայտարարության մասին․ Սաղաթելյան

՛՛Դիմադրություն՛՛ շարժումն այսօր հանդիպել է երկու տասնյակից ավելի արտախորհրդարանական ուժերի հետ և քննարկել Արցախի վերաբերյալ շարժման հրապարակած հայտարարությունը, որի շուրջ նրանք հայտնել են իրենց դիրքորոշումը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ կային քաղաքական ուժեր, որոնց իրենք դիմել էին, սակայն որոնք տարբեր պատճառներով ներկա չեն եղել հանդիպմանը։ Մինչև երեկո կամփոփեն խորհրդակցությունների առաջին փուլը և կհրապարակեն այն կուսակցությունների ցանկը, որոնք կողմ են արտահայտվել Արցախի հարցում ՛՛Դիմադրություն՛՛ շարժման հրապարակած սկզբունքներին և դիրքորոշումներին։

Սաղաթելյանը հավելեց, որ այս պահի դրությամբ գրեթե բոլոր ուժերը կողմ էին իրենց հայտարարությանը:

Հարցին, թե այսօրվա հանդիպմանը կայի՞ն ուժեր, որոնք մաս են կազմել ՛՛Հայրենիքի փրկության շարժմանը՛՛, քանի որ դրանցից շատերն այսօր չեն մասնակցում ՛՛Դիմադրություն՛՛ շարժման պայքարին, Սաղաթելյանը պատասխանեց, որ այդ ուժերից շատերը ներկա են եղել այսօրվա հանդիպմանը։

՛՛Կամփոփենք և վերջնական արդյունքների մասին կտեղեկացնենք՛՛,-ասաց նա և նշեց, որ կան կուսակցություններ, որոնք, ծանոթանալով հայտարարության տեքստին, ժամանակ են խնդրել, որպեսզի վարչության նիստ հրավիրեն, քննարկեն և հետո միայն դիրքորոշում հայտնեն, թեև ներկա ուժերից որևէ մեկը առնվազն դեմ չի արտահայտվել։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հայտարարության տեքստը կարո՞ղ է փոփոխվել այս հանդիպումների արդյունքում, ԱԺ փոխնախագահը նշեց, որ տեքստի բովանդակային փոփոխություն չի լինելու։ ՛՛Մենք պահում ենք հայտարարության տեքստի այն բովանդակությունը, որը ներկայացված էր ԱԺ-ում։ Խմբագրական և այլ փոփոխություններ գուցեև լինեն։ Նման առաջարկներ ներկա քաղաքական ուժերի կողմից եղել են՛՛,-ընդգծեց նա և ավելացրեց որ քանի որ հնչել են բավականին հետաքրքիր առաջարկներ, ուստի որոշվել է այս հարցի շուրջ հրավիրյալ ուժերի ավելի մեծ կազմով հանդիպում անցկացնել:

Խոսելով այն մասին, թե ինչ սկզբունքներով են հրավիրվել արտախորհրդարանական ուժերը՝ Սաղաթելյանն ասաց, որ բացառությամբ մի քանի ուժերի, որոնք, նրա խոսքով, դարձել են ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության սպասարկու, հրավիրել են բոլորին:

  • Կիսվել: