կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խաղաղության ցանկացած բանակցության համատեքստում պետք է պաշտպանվեն ԼՂ էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը. Յուրի Քիմ

Խաղաղության ցանկացած բանակցության համատեքստում պետք է պաշտպանվեն ԼՂ էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը. Յուրի Քիմ

Խաղաղության ցանկացած բանակցության համատեքստում Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանվեն․ սա էական տարր է ցանկացած պայմանագրի համար: Այս մասին այսօր ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատման վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ադրբեջանը պետք է միջազգային երաշխիքներ տրամադրի։ ԱՄՆ-ը չի հանդուրժի ԼՂ-ի հայերի նկատմամբ էթնիկ զտման որևէ գործողություն կամ այլ վայրագությունների իրականացում:

Քիմը շեշտել է, որ տարածաշրջանում փոխվստահության բացակայությունն ամենալուրջ խնդիրներից մեկն է, որի լուծումը, նրա խոսքով, երկխոսությունն ու փոխզիջումներն են։

Դիվանագետը ողջունել է Աղդամի ճանապարհով 20 տոննա մարդասիրական օգնության տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ՝ հավելելով, որ դա բավարար չէ։ Քիմը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանումը որևէ կերպ ընդունելի չէ Վաշինգտոնի համար։

՛՛Մենք խորապես մտահոգված ենք, որ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, ինչը մարդասիրական հետևանքներ է թողնում Լեռնային Ղարաբաղի ժողովորդի վրա։ Ցանկանում եմ, որ հստակ լինի՝ ստատուս քվոյի պահպանումը մեզ համար լիովին անընդունելի է: Մենք չենք դադարի աշխատել, մինչև չհասնենք լուծման: Մենք մշտապես հայտարարել ենք, որ այդ միջանցքը պետք է բաց լինի առևտրային, մարդասիրական և մասնավոր տեղաշարժի համար: Թե՛ հրապարակային, թե՛ մասնավոր խողովակներով մենք բազմիցս հղել ենք այդ ուղերձն Ադրբեջանի կառավարությանը։ Սննդին, դեղորայքին, մանկական կերերին և էներգառեսուրսներին հասանելիությունը չպետք է երբեք արգելափակվի։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից հումանիտար հավելյալ բեռներն արդեն մի քանի շաբաթ է՝ Լաչնի և Աղդամի անցակետերի մոտ են։ Ավագ խորհրդական Բոնոն կրկին տարածաշրջանում է՝ պնդելու, որ մատակարարումները Լեռնային Ղարաբաղ թույլատրվեն անմիջապես և միաժամանակ՛՛,-ասել է պաշտոնյան:

Նա շեշտել է, որ Բաքուն համաձայնություն է տվել Աղդամի ճանապարհի և Լաչինի միջանցքի միաժամանակյա բացմանը։

՛՛Նախագահ Ալիևն ու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները հրապարակային հայտարարել են, որ համաձայնություն է ձեռք բերվել այս կարգավորման հարցում, և պայմանավորվածությունն իրականացնելու հարցում որևէ ձգձգում այլևս չպետք է լինի։ Անհրաժեշտ է, որ արդեն մի քանի շաբաթ մուտքին սպասող բեռները վերջապես հասցվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, և դա արվի հիմա։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը արագ վերականգնել մասնավոր ուղևորատար մեքենաների երթևեկությունը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ։ Մենք միաժամանակ ընդունում ենք այլ ճանապարհների առկայության կարևորությունը՛՛,-ասել է փոխպետքարտուղարի պաշտոնակատարը:

Քիմը նաև շեշտել է՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցություններում առաջընթացը հեշտ և արագ չի լինի, բայց ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել բանակցություններին և հավատում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն կարող է հաստատվել։

՛՛Դա բխում է նաև ԱՄՆ-ի շահերից՛՛,-ասել է նա։ Տևական և արժանապատիվ խաղաղության ձեռքբերումը, ըստ Քիմի, կարևոր հրամայական է՝ այդ թվում ավելի լայն տարածաշրջանային համատեքստում։

՛՛ԱՄՆ-ն կարող է ավելացնել անվտանգության ոլորտում համագործակցությունը տարածաշրջանում, ամրացնել ամեն պետության կարողությունը՝ պաշտպանելու սեփական ինքնիշխանությունն ու անկախությունը՛՛,-ասել է Քիմը:

  • Կիսվել: