երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Կողմերը պետք է կրկնապատկեն իրենց դիվանագիտական ջանքերը՝ երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու համար, քանի դեռ ուշ չէ. ՄԱԿ-ի ներկայացուցիչ

Կողմերը պետք է կրկնապատկեն իրենց դիվանագիտական ջանքերը՝ երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու համար, քանի դեռ ուշ չէ. ՄԱԿ-ի ներկայացուցիչ

Չնայած խոստումնալից դիվանագիտական ջանքերին, լարվածությունը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում չի հանդարտվում։ Այս մասին այսօր Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի հայտարարության հիման վրա հրավիրված քննարկման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Ամերիկայի հարցերով տեղակալ Միրոսլավ Յենչան

«Դեկտեմբերի 12-ին լարվածության վերջին սրման շրջանակներում հաղորդումներ են ստացվել Լաչինի ճանապարհի խաղաղապահ դիրքի մոտ բողոքի ցույցերի մասին: Այս ճանապարհը կենսական զարկերակ է տարածքում ապրող մարդկանց համար։ Հաղորդվում է, որ այս բողոքի ակցիաներն ուղղված են հանքային ռեսուրսների ապօրինի շահագործման եւ բնապահպանական հետեւանքների դեմ:

ՄԱԿ-ը, որը ներկա չէ Լաչինի միջանցքում եւ ներկա չէ ռուս խաղաղապահների մանդատի տակ գտնվող տարածքներում, հնարավորություն չունի հաստատել կամ ստուգել այդ հայտարարությունները։ Որքան հասկանում ենք, այս պահին բողոքի ակցիաները շարունակվում են։ Վերջին օրերին Հայաստանն ու Ադրբեջանը նամակներ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին վերջին զարգացումների վերաբերյալ՝ պնդելով, որ մյուս կողմը խախտել է համաձայնեցված պարտավորությունները եւ հերքել միմյանց հայտարարությունները։ Երկու կողմերն էլ տարբեր կերպ են նկարագրում իրադարձություններն ու իրավիճակը, երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ։ Ռուս խաղաղապահների հաղորդագրությունները եւ ԶԼՄ-ներում արված հայտարարությունները վկայում են այն մասին, որ որոշ մարդասիրական եւ բժշկական պարագաներ, այնուամենայնիվ, մատակարարվել են: Սկզբունքորեն կարեւոր է, որ բնակչությունը, հատկապես օգնության կարիք ունեցող, ազատ տեղաշարժվելու եւ հիմնական ծառայություններից օգտվելու հնարավորություն ունենան: Այս առումով մենք ողջունում ենք միջանցքով անվտանգ անցմանը նպաստելու եւ անվտանգությունն ապահաովելու ռուս խաղաղապահների հանձնառությունը։

Ե՛վ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի խմբերը շարունակում են կապի մեջ լինել երկու երկրների իշխանությունների հետ եւ պատրաստ են արձագանքել մարդասիրական նոր կարիքներին, եթե նման խնդրանք լինի եւ պայմանները թույլ տան:

Նորից ու նորից տեսնում ենք նոր հակամարտությունների հետեւանքով հնարավոր մարդկային կորուստները: Այս զոհաբերությունները կարող են նշանակալից լինել: Հակամարտության ցանկացած վերսկսում ոչ միայն կազդի Հայաստանի ու Ադրբեջանի բնակչության վրա, այլ, ամենայն հավանականությամբ, կազդի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա եւ դրանից դուրս: Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ դա տեղի ունենա։ Կողմերը պետք է կատարեն իրենց պարտավորությունները եւ ամբողջությամբ կատարեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները եւ հետագա համաձայնեցված հայտարարություններն ու պարտավորությունները։

Կողմերը պետք է կրկնապատկեն իրենց դիվանագիտական ջանքերը՝ երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու համար, քանի դեռ ուշ չէ»,- նշել է նա։

  • Կիսվել: