հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կարմիր Խաչի ֆինանսական աջակցությունը շուտով կմեկնարկի

Կարմիր Խաչի ֆինանսական աջակցությունը շուտով կմեկնարկի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միանվագ դրամական օգնության ծրագիրը, նախատեսված՝ Արցախում փաստացի բնակվող տեղահանված ընտանիքների 0-17 տարեկան երեխաների համար, կմեկնարկի այս տարվա օգոստոս ամսից: «Ազատ Արցախ» -ի հետ զրույցում Արցախի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվական բաժնի պատասխանատու Էթերի Մուսաելյանը տեղեկացրեց, որ ըստ հայտարարության՝ 2020 թվականի պատերազմի հետևանքով տեղահանված և Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող քաղաքացիները ներկայացել են ու գրանցվել:

-Տեղական կառույցների հետ ճշգրտվել են նրանց տվյալները ապա ընդգրկվել են ծրագրում,-ասաց Մուսայելյանը:

Նրա հաղորդմամբ, Արցախում Կարմիր Խաչը նաև պատերազմից վնասված բնակարանների և հիվանդանոցների ու դպրոցների վերանորոգման ծրագրեր է իրականացնում՝ համագործակցելով ԱՀ կառավարության հետ:

-Ներկայում Մարտունի քաղաքում վերանորոգվում է դպրոցական շենքի տանիքը: Դպրոցի վերանորգման աշխատանքներ են նախատեսված նաև Մարտակերտում,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ԿԽՄԿ-ն սկսել է Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի մասնակի վերանորոգման ուվերակառուցման աշխատանքներ. բարելավելու են շենքային և աշխատանքային, ինչպես նաև անվասայլակներով ազատ տեղաշարժվելու պայմանները։
Արցախյան 3-րդ պատերազմի օրերին և դրանից հետո ԿԽՄԿ-ն Արցախում ստիպված է եղել փոխել ծրագրային ուղղությունները և սկսել նոր ծրագրեր: Նոր ծրագրերում հիմնականում ընդգրկված են տեղահանված ընտանիքները ու նաև սահմանամերձ գյուղի բնակիչները:


-Սկզբնական շրջանում ԿԽՄԿ-ն փորձում էր օգնել այդ ընտանիքների խնդիրներին միայն արագ լուծումներ տալով՝ տրամադրելով սննունդ, հիգիենայի պարագաններ, իսկ այսօր զուգահեռ իրականացնում է ծրագրեր՝ նրանց եկամտի սեփական աղբյուրներով ապահովելու համար,- ասաց Էթերի Մուսաելյանը՝ հավելելով, որ այս տարվա ապրիլին Արցախի մոտ 70 գյուղերում բնակություն հաստատած տեղահանվածներին տրամադրվել են բանջարաբոստանային մշակաբույսերի սերմացուներ և տարբեր պարագաներ՝ հողագործությամբ զբաղվելու համար։


– Շահառուներին սննդով ապահովելու ծրագիրը Կոմիտեն կշարունակի այնքան ժամանակ, մինչև սննդի տեսանկյունից ինքնաբավ դառնան,-հավաստիացրեց ԿԽՄԿ տեղեկատվական բաժնի պատասխանատուն՝ ընդգծելով, որ ծրագրերն առավել հասցեական դարձնելու համար իրենց աշխատակիցները պարբերաբար այցելում են տարբեր գյուղերում բնակվող տեղահանվածներին:

Ըստ Մուսայելյանի՝ առաջնահերթություն տալով տեղահանված բնակչությանն օգնելուն ՝ ԿԽՄԿ-ն զուգահեռ իրագործում է նաև նախկին ծրագրերը: Շարունակվում է միայնակ, կարիքավոր թոշակառուներին ֆինանսական աջակցության տրամադրման ծրագիրը, ըստ որի շահառուների ամենամսյա թոշակը համապատասխանեցվում է նվազագույն աշխատավարձի չափին:
Կարմիր Խաչի արցախյան առողջապահական ծրագրերի շրջանակում՝ կահավորվումից բացի, բուժսարքավորումներ են տրամադրվում Հանրապետության շրջկենտրոնների բուժհաստատություններին:

  • Կիսվել: