կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կարևոր ու շատ դրական լուր Արցախից. Արտակ Բեգլարյան

Կարևոր ու շատ դրական լուր Արցախից. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իր խոսքով՝ ՛՛Կարևոր ու շատ դրական լուր Արցախից՛՛:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Այս օրերին արդեն սկսել ենք բաշխել Ստեփանակերտի նորակառույց բնակարանները տեղահանված և զոհված զինծառայողների ընտանիքներին: Այսօր տրամադրել ենք 20 նոր բնակարան, օրեր առաջ՝ 10, իսկ առաջիկա օրերին այդ թիվը կհասնի 100-ի, հունվարին՝ 300-ի: Այս թաղամասերը կառուցվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Բնակարանների առաջնահերթ շահառուները զոհված զինծառայողների տեղահանված ընտանիքներն են, ինչպես նաև՝ բազմազավակ ու այլ խոցելի տեղահանված ընտանիքները: Ընդ որում՝ այսօրվա 20-ից շուրջ կեսն ընտանիքում ունեն երկու զոհ: Զուգահեռաբար բնակարան ենք տրամադրելու նաև բոլոր շահառու խմբերին, այժմ բնակարանային հարցերի կոմիտեն ակտիվորեն աշխատում է կարիքների ու աշխատանքների արդյունավետ ու օբյեկտիվ համակարգման ուղղությամբ:

Բարի բնակարանամուտ եմ մաղթում այս բոլոր ընտանիքներին, իսկ մնացած շահառուներին՝ համբերություն, և բոլորի բնակարանները աստիճանաբար կտրամադրվեն՝ նախագահ Հարությունյանի կողմից հաստատված ծրագրի համաձայն: Շնորհակալություն բնակարանային ծրագրերի բոլոր աջակիցներին, Հիմնադրամի նվիրատուներին, ՀՀ կառավարությանը, շինարարներին և բնակարանային հարցերի կոմիտեի թիմին:

Որքա՜ն հաճելի էր զգալ այս կրկնակի տուժած ընտանիքների ուրախությունը՝ իրենց նոր օջախների ստացման առթիվ: Սա ուշադրության այն փոքրիկ դրսևորումներից է, որը կարող ենք մենք ցուցաբերել մեր զոհված հերոսների ընտանիքների հանդեպ:

Էլ չասեմ հայրիկին ու պապիկին պատերազմում կորցրած փոքրիկ Մոնիկայի ուրախությունը, երբ բանալիներն անձամբ փոխանցեցի իրեն, իսկ վերջում էլ կարողացա համոզել, որ ականջիս թաքուն ասի, թե ձմեռ պապիկին ուղղված նամակով ինչ է ուզել...՛՛:

  • Կիսվել: