ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառավարությունը միանվագ դրամական աջակցություն կտրամադրի Արցախի բոլոր քաղաքացիներին՝ մեկ բացառությամբ

Կառավարությունը միանվագ դրամական աջակցություն կտրամադրի Արցախի բոլոր քաղաքացիներին՝ մեկ բացառությամբ

Կառավարությունն արցախահայերի համար 20 միջոցառում է հաստատել, մի մասը կատարվել է, մյուս մասը կատարման ընթացքում է: Այդ մասին Կառավարության նիստին հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նա նշեց, որ ընդհանուր առմամբ այդ միջոցառումների շրջանակում ֆինանսավորվել է 21.5 մլրդ դրամ, այսինքն՝ այդքան գումար արդեն փաստացի տրամադրվել է արցախահայությանը:

«Ընթացքի մեջ գտնվող ծրագրերի շրջանակում շահառուները մինչև 3 մլրդ դրամի լրացուցիչ դրամական աջակցություն են ստանալու, այսինքն՝ բոլոր գործող ծրագրերի մասով բյուջեն կկազմի 25 մլրդ դրամ»,- ասաց նախարարը:

 
 

Նա նշեց, որ այսօր ներկայացվող ծրագրի բյուջեն 4 ամսվա համար կհասնի 30 մլրդ դրամի:

«Հետևաբար արցախահայության համար հատկացված ընդհանուր ֆինանսավորումը կհասնի 55 մլրդ դրամի»,- ընդգծեց Առաքելյանը:

Նա նշեց, որ Արցախի կառավարությունը նույնպես հատկացումներ է անում, մասնավորապես, 2021 թվականի ընթացքում Արցախում փոխհատուցվելու է կոմունալ վճարների ծախսերը որոշակի սահմանների շրջանակում՝ գազի, էլեկտրաէներգիայի և ջրի գծով: Եկամտահարկը 6 ամիս բիզնեսի հիմնական ճյուղերում փոխհատուցվելու է ամբողջությամբ:

«Մեր առաջին միջոցառումից մոտ 100 հազար քաղաքացի օգտվել էր, որով տրամադրվել էր 68 հազար դրամ օգնություն, և, դրանից բացի, տեղահանված անձանց, որոնց թիվը կազմում է մոտ 35 հազար, յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ անչափահասներին, տրվել է 300 հազար դրամ աջակցություն: 30 հազար հոգի արդեն ստացել է, այդ աջակցությունը կստանա մինչև 7 հազար քաղաքացի»,- նշեց Առաքելյանը՝ հավելելով, որ Արցախում ապրած, բայց այնտեղ գրանցում չունեցած քաղաքացիները նույնպես աջակցություն կստանան՝ հիմք է ընդունվել նրանց բնակության վայրը:

Նոր նախագծով 4 ամիս ժամկետով միանվագ՝ 68 հազար դրամ կտրամադրվի Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, բացառությամբ 18-63 տարեկան տղամարդկանց, որոնք չունեն հաշմանդամության խումբ: 

«Աջակցության տրամադրումը բաժանված է երկու մասի: Կենսաթոշակառուները և հաշմանդամություն ունեցող անձինք անհրաժեշտություն չեն ունենա դիմում գրելու, նրանք իրենց աջակցությունը կստանան Արցախի սոցապնախարարության կողմից տրամադրվող կենսաթոշակների հետ համատեղ: Մյուս քաղաքացիները փետրվարի 25-ից հնարավորություն կունենան էլեկտրոնային կարգով դիմում ներկայացնել և մարտի 15-ից վճարումները կստանան»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այս անգամ աջակցությունը կտրվի բանկային քարտերի փոխանցման միջոցով:

Առաքելյանի խոսքով՝ Արցախի միջին վիճակագրական ընտանիքի համար այս աջակցությունը կկազմի մոտ 320 հազար դրամ, եթե դրան գումարենք աջակցության մյուս միջոցառումները, որոնք իրականացվում են Արցախի կառավարության կողմից, աջակցությունն անհամեմատ ավելի մեծ է:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ նախորդ տարվա դեկտեմբերին Արցախի բնակչության համար իրականացված աջակցության չորս ծրագրով փաստացի ծախսվել է 6 միլիարդ դրամ:

«Ընդհանուր 14 միջոցառում է  իրականացվել ու իրականացվում են հիմա, որոնց ինդիկատիվ բյուջեն կազմելու է 55 միլիարդ դրամ: Կառուցվածքի իմաստով՝ երեք գլոբալ խումբ ունեն իրենց մեջ. Արցախի մեր հայրենակիցների խնդիրների լուծումն է՝ ընթացիկ և հրատապ, մեր զինծառայողների ընտանիքների և վիրավոր զինծառայողներին օժանդակելու միջոցառումներն են և ուսման վարձերի փոխհատուցումը»,- նշեց փոխվարչապետը՝ ամփոփելով, որ աջակցության համար տրամադրված գումարները ընդհանուր առմամբ անցնում են 61 միլիարդը:

  • Կիսվել: