կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կառավարությունը 2 մլրդ 260 մլն դրամ է հատկացրել մարզպետարաններին՝ ԼՂ-ից տեղահանվածների խնդիրների լուծման համար. Տերտերյան

Կառավարությունը 2 մլրդ 260 մլն դրամ է հատկացրել մարզպետարաններին՝ ԼՂ-ից տեղահանվածների խնդիրների լուծման համար. Տերտերյան

Մեր նախարարությունը առաջին օրվանից համակարգում է մարզպետարանների, համայնքների, վարչական շրջանների աշխատակազմերի պատասխանատուների աշխատանքը, որն առաջին հերթին ուղղված է բռնի տեղահանված մեր հայրենակիցների կեցության խնդիրները լուծելուն ու նաև, կեցության հետ զուգահեռ, նրանց կենցաղային և ամենօրյա խնդիրներին որոշակի պատշաճության լուծումներ տալուն: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով Կառավարության հումանիտար կենտրոնի կողմից բռնի տեղահանվածների համար իրականացվող աջակցության ծրագրերի ընթացքը:

«Այսօր մենք ունենք շուրջ 55 հազար և ավելի անձինք, որոնք ուղղորդվել են մեր համակարգերի կողմից դեպի կեցավայրեր, և ավելի քան 25 հազար մարդ, որոնք սեփական նախաձեռնությամբ գտել են իրենց ժամանակավոր կացության վայրը: Ես ուզում եմ շեշտադրել, որ նրանք բոլորը գտնվում են մեր ուշադրության և հոգածության ներքո, և բոլոր վարչական ղեկավարները աշխատում են այդ ուղղությամբ: Վարչական ղեկավարները ԱՍՀ նախարարության մեր գործընկերների հետ, մասնավորապես, Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների հետ, ամենօրյա ռեժիմով գնահատում են նրանց կարիքները, ինչպես նաև տանում են ընթացիկ հաշվառում, որովհետև պրոցեսը դինամիկ է»,- ասաց փոխնախարարը:

Տերտերյանը տեղեկացրեց, թե վերջին երեք-չորս օրվա ընթացքում քանի մարդ է հյուրանոցները և հյուրատները թողել և տեղափոխվել իրենց ընտրությամբ բնակության այլ վայրեր: «Առաջին օրը՝ 500 մարդ, երկրորդ օրը՝ 200 մարդ, այսօր մեզ մարզերից տեղեկացրել են, որ շուրջ 305 մարդ նորից տեղափոխվել է, ինչը դրական միտում է, որովհետև այս դեպքում մարդիկ իրենք են ընտրում իրենց կեցավայրը»,- նշեց նախարարի տեղակալը:

Նա հայտնեց, որ Կառավարութունը 2 մլրդ 260 մլն դրամ է հատկացրել մարզպետարաններին: «Այդ գումարները տրամադրվել են մարզպետներին մի քանի ուղղությամբ. սննդի, հյուրանոցի, հյուրատան կամ որոշակի նպաստի տրամաբանության մեջ: Նպաստի, որը դրամական չէ, այլ ավելի շատ կենցաղային ամենաառաջին անհրաժեշտության խնդիրներ լուծելու համար»,- ասաց Վաչե Տերտերյանը:

  • Կիսվել: