ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ջամիլ Բաբաևը երկու օր անցկացրել է քաղաքի տարբեր տներում. մանրամասներ Մարտակերտի դեպքից

Ջամիլ Բաբաևը երկու օր անցկացրել է քաղաքի տարբեր տներում. մանրամասներ Մարտակերտի դեպքից

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը մինչև ձերբակալվելը երկու օր անցկացրել է ԱՀ Մարտակերտ քաղաքի տարբեր տներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Մարտակերտի վարչական ղեկավար Արսեն Ավանեսյանը։

Վարչական ղեկավարի խոսքով`օգոստոսի 23-ին գիշերել է Տերյան փողոցի չբնակեցված տներից մեկում, իսկ օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը ներխուժել է արդեն բնակեցված տներից մեկի նկուղ, օգտվել այնտեղ եղած պահածոներից։ Առավոտյան, երբ ընտանիքի անդամներն արդեն տանը չեն եղել, բարձրացել է տուն։

«Տան անդամները գիշերը ինչ-որ ձայներ են լսել, բայց կարծել են` շուն է կամ կատու, և ուշադրություն չեն դարձրել։ Ընտանիքի հայրն աշխատում է Մարտակերտի ոսկու հանքում, մայրը` հիվանդանոցում։ Սովորականի նման առավոտյան ամուսիններն աշխատանքի են գնացել, իսկ երեխաները դուրս են եկել բակ խաղալու»,- պատմեց նա։

Երբ ընտանիքի երկու անչափահաս տղաները վերադարձել են տուն, տեսել են տանը ադրբեջանցի զինծառայողին, որն ամիջապես դանակով սպառնացել է անչափահաս եղբայրներին, հետո ժեստերով հասկացրել, որ ուտելիք է ուզում։ Երեխաները հաց ու ջուր են տվել թշնամու զինծառայողին։

«Երեխաները հաց, երշիկ են տվել, կերել է, հետո սուրճ է ուզել։ Դրանից հետո մոտ 2-2.5 ժամ տղաներին փակի տակ է պահել սենյակներից մեկում։ Այդ ընթացքում օգտվել է տան բաղնիքից, գուլպաները լվացել։ Քաղցը հագեցնելուց հետո Բաբաևը տղաներից մեկին ուղարկել է ծխախոտի։ Այդ ժամանակ էլ վերջինս զանգել է ոստիկանություն»,- պատմեց Մարտակերտի վարչական ղեկավարը։

Բարեբախտաբար ոստիկանները ժամանակին տեղ են հասել, ադրբեջանցի զինծառայողին ձերբակալել։

Բաբաևը ծնվել է 2001 թվականին։ Ավանեսյանի խոսքով` Ադրբեջանի ԶՈւ-ում ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո անցել է պայմանագրային ծառայության։ Հարցաքննության ժամանակ ադրբեջանցի զինծառայողն ասել է, որ Մատաղիսի մարտական գործողություններին մասնակցելու համար արժանացել է մեդալի, ներգրավված է եղել նաև Շուշիի գրավման մարտերում։

Տուն ներխուժելու պահին ձեռքին փոքրիկ դանակ է եղել։ Բաբաևի հոգեկան վիճակի մասին Ավանեսյանը դժվարանում է որևէ բան ասել։ Միայն գիտի, որ ձերբակալվածը գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։

  • Կիսվել: