չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրավունք չունենք կորցնելու այն, ինչ այսօր ունենք. Ռուբեն Վարդանյանը հանդիպել է ԱՀ իշխանությունների և երիտասարդների հետ

Իրավունք չունենք կորցնելու այն, ինչ այսօր ունենք. Ռուբեն Վարդանյանը հանդիպել է ԱՀ իշխանությունների և երիտասարդների հետ

Գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի Ազգային ժողովի խմբակցությունների, մշտական հանձնաժողովների ղեկավարների հետ: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԱՀ իշխանությունների հետ հնարավոր գործակցության հեռանկարները:

՛՛Ես համոզված եմ, որ բոլորիս ներուժն է պետք՝ ամրացնելու վիրավոր Արցախը, և օգնելու անցավ դիմակայել աշխարհաքաղաքական ցնցումներին՛՛,-նշել է Վարդանյանը:

Նա հավելել է, որ հանդիպում է ունեցել նաև Արցախի՝ իր խոսքով՝ ՛՛լուսավոր, հայրենասեր, ապագային բաց աչքերով նայող երիտասարդության՝ բուհերի ուսանողների հետ՛՛:

Վարդանյանը վստահ է, որ որակյալ կրթությունն է բարեկեցիկ կյանքի հասնելու բանալին: ՛՛Եվ այս սկզբունքը պետք է դառնա մեր գործունեության հիմքը՛՛,-իր ֆեյսբուքյան էջում գրել է բարերարը:

Նրա խոսքով՝ երիտասարդները շատ լավ գիտեն խաղաղության գինը, և նրանց կայուն ապագան ապահովելու համար պետք է միասին ցուցաբերել կամք և անդադար աշխատել:

՛՛Մենք իրավունք չունենք կորցնելու այն, ինչ այսօր ունենք և պատասխանատու ենք հենց այս երիտասարդների առջև՛՛,-գրել է Ռուբեն Վարդանյանը:

 

  • Կիսվել: