կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ինչ չանել․ Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան պատրաստ է տրամադրել աջակցություն տուժածներին

Ինչ չանել․ Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան պատրաստ է տրամադրել աջակցություն տուժածներին

Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի հայտարարությունը
 
Հարգելի՛ և սիրելի Արցախի և Հայաստանի հանրապետության քաղաքացիներ,
ստեղծված իրավիճակը բոլորիս համար սթրեսային է և հուսահատեցնող, մինչդեռ հենց հիմա անհրաժեշտ է լինել առավելագույնս հավաքված և սառնասիրտ, քանի որ մեր հայրենակիցները ունեն աջակցության կարիք: Սակայն անզորության, անարդարության, անսահման բարկության պատճառով շատերը դրսևորում են գերհուզական կամ բռնկուն վարք:
 
Մենք կոչ ենք անում.
1. Խնայել հուզական ռեսուրսներն ու չպարպել դրանք անօգուտ վիճաբանությունների ու մեդիա ակտիվության վրա: Երբեմն բարկացած տեքստ գրելն օգնում է պարպել հույզերը, բայց ավելի հաճախ կոնֆլիկտներ ու անհանդուրժողականություն է ծնում, որոնք առանց այդ էլ ներկա պահին սրված են:
2. Ճգնաժամի շրջանում լինել ավելի զուսպ, չներխուժել այլ մարդկանց անձնական տարածք, հաշվի առնելով, որ յուրաքանչյուրն իր ձևով է ապրում ճգնաժամն, ու պետք է հարգված լինի:
3. Մեր ապրած ջղայնությունը, հիասթափությունը և վիշտը չարտահայտենք մեր հայրենակիցների նկատմամբ ագրեսիայով։ Ստեղծված պայմաններում կենսական կարևոր է լինել միասնական, նույնիսկ եթե շատ սկզբունքային հարցերով միմյանց հետ համակարծիք չեք։
4. Զերծ մնալ նեգատիվ կանխատեսումներից ու տեքստերից, եթե նույնիսկ դրանք ռեալիստիկ են: Հիշեք, որ մարդիկ ներկա պահին հույսի կարիք ունեն, իսկ նման տեքստերը հուսահատեցնում և թևաթափ են անում, էլ ավելի են խորացնում ճգնաժամը:
5. Խուսափել ընկերներին, գործընկերներին կամ բարեկամներին կոպիտ խոսքեր, վիրավորանքներ և կամուրջներ այրող խոսքեր ասելուց: Ժամանակները, իրավիճակները և մեր դրանց մասին պատկերացնումները անընդհատ փոխվում են, իսկ բարեկամությունն ու ընկերությունը պետք է շարունակվեն:
6. Չենթարկվել որևէ կողմի քաղաքական մանիպուլյացիաներին, զերծ մնալ անբավարար տեղեկատվության անպտղաբեր վերլուծություններից, ընդունել տվյալ պահին տիրող անորոշությունը, կետնրոնանալով մեր մտերիմ մարդկանց կարիքների վրա:
7. Ստեղծված իրավիճակի համար չմեղադրել հասարակ քաղաքացիներին, որոնք պարզապես այլ քաղաքական հայացքներ ունեն: Ցավոք, ինտենսիվ լրահոսի ճնշման տակ գտնվելով, մարդիկ հիմնականում չեն հասցնում ձևավորել կշռադատված և հիմնավորված դիրքորոշում, և ղեկավարվում են հիմնականում հույզերով ու պատահական արտաքին գործոններով։ Դա չի դարձնում իրենց դավաճան կամ հայատյաց։
9. Չխորացնել Հայաստանի և Արցախի քաղաքացիների միջև արհեստականորեն ստեղծված անջրպետը: Սա ամենակարևորն է այս պահին:
8. Հոգատար լինել ինքներդ Ձեր հանդեպ, տարբերակել սեփական հույզերը, քանի որ անարդարության զգացումը ծնում է խորը վիրավորանք և բարկություն: Ավելի հաճախ դրա զոհն են դառնում անմեղ մարդիկ:
10. Հաշվի առնել, որ Ձեր խոսքերը, վարքը, գրառումները կարդում են ինչպես հոգեպես առողջ հասուն քաղաքացիներ, այնպես և անկայուն հոգեվիճակում գտնվող մարդիկ, երեխաներ, տարեցներ և հաշմանդամներ, և մեր ազգույշ խոսքերը կարող են բացասաբար ազդել իրենց վրա:
 
Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան հայտնում է իր պատրաստակամությունը տրամադրել անհրաժեշտ օգնություն և աջակցություն Արցախյան դեպքերի արդյունքում տուժած բոլոր քաղաքացիներին։
Մեր մասնագետները տիրապետում են առաջին հոգեբանական և հոգեբուժական օգնություն ցուցաբերելու հմտություններին, պատրաստ են ցանկացած պահին և ցանկացած իրավիճակում կիրառել իրենց գիտելիքներն ու հմտություններն ի շահ մեր երկրի խաղաղության։ Մեզ հետ կարող եք կապ հաստատել 091 195679 հեռախոսահամարով, կամ [email protected] էլեկտրոնային փոստով։
 

  • Կիսվել: