հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել

«Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել

«Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

՛՛Արցախի Հանրապետությունում ստեղծված վտանգավոր իրավիճակն արդեն հայտնի է Հայաստանում, և դրա արդյունքը ԱՀ ԱԳՆ մարտի 10- հայտարարությունն է. «Մարտի 8-ի գիշերը վնասվել է Արցախի Հանրապետություն եկող միակ գազատարը՝ գազամատակարարումից զրկելով Արցախի ամբողջ տարածքը։

Վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ հայտնված տարածքում։ Առ այսօր ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգմանը, ինչի պատճառով Արցախի ողջ բնակչությունը առերեսվում է հումանիտար մի շարք խնդիրների, որոնք հատկապես ծանր են եղանակային ցուրտ պայմանների պատճառով»։ Այս հումանիտար աղետին գումարվում ենադրբեջանական ԶՈՒ արդեն կանոնավոր դարձած գնդակոծությունները և հրթիռակոծությունները Մարտունու և Ասկերանի շրջանի գյուղերի խաղաղ բնակչության դեմ, որի հետևանքով ունենք մեկ վիրավոր, գյուղատնտեսական տեխնիկայի և բնակելի տարածքների ու դպրոցի վնասում:

«Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի հարձակողական, սադրիչ գործողությունները և կոչ անում ԱՀ և ՀՀ իշխանություններին հետևողական քայլեր ձեռնարկել խնդիրների կարգավորման ուղղությամբ: Համոզված ենք, որ Ադրբեջանը, օգտվելովՈւկրաինայում ծավալվող գործողություններից, փորձում է միջազգային հանրության և հատկապես Ռուսաստանի խաղարարար առաքելության թիկունքում իրականացնել Արցախի պահպանված տարածքներում հայ բնակչության բռնագաղթ և էթնիկ զտումներ:

«Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունը պահանջում է, որ ՀՀ պատկան մարմինները դիմեն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությանը՝Արցախում հակամարտության կարգավորմանն ուղղված գործողություններն ակտիվացնելու համար, այլև ՄԱԿ-ին՝ գումարելու Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ կքննարկվի ստեղծված իրավիճակը և կընդունվեն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զսպման քայլեր:

Անհրաժեշտ ենք համարում զուգահեռաբար դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որպես Արցախում խաղաղապահ ուժերի գործողությունների երաշխավոր, վերանայելու նրանց տրված մանդատը և իրավունք տալու բոլոր հնարավոր միջոցներով կանխել սադրիչ և հանցավոր քայլերը, որոնք իրականացնում են Ադրբեջանի զինված ուժերը՛՛։

  • Կիսվել: