հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ի՞նչ ազդեցություն ունեցավ առատ ձյունը ԱՀ-ի գյուղոլորտում մեկնարկած աշխատանքների վրա. պարզաբանում է փոխնախարարը

Ի՞նչ ազդեցություն ունեցավ առատ ձյունը ԱՀ-ի գյուղոլորտում մեկնարկած աշխատանքների վրա. պարզաբանում է փոխնախարարը

Վերջին շրջանում Հանրապետությունում ընթանում էին գարնանացան մշակաբույսերի ցանքսի դաշտային աշխատանքներ, սակայն այդ աշխատանքների իրականացումը հետաձգվել է ձյան առատ տեղումների պատճառով: Մինչև տեղումների սկսվելը 2102 հա-ի վրա իրականացվել էին հողի նախապատրաստական աշխատանքներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը:

«Մարտի 18-ի դրությամբ Հանրապետությունում իրականացվել էր շուրջ 200 հա. գարնանացան՝ գարի, հաճար, կտավատ և որոշ քանակությամբ կարտոֆիլ ու այլ բանջարեղեն: Առաջիկա շաբաթվա ընթացքում, ըստ եղանակի կանխատեսման, տեղումները քիչ են լինելու, ջեմաստիճանը` համեմատաբար ավելի բարձր, և հենց դաշտերում նպաստավոր պայմաններ լինեն, այդ աշխատանքները կվերսկսվեն: Ձյան առատ տեղումները գյուղատնտեսությանը էական վնասներ չեն հասցրել, հակառակը՝ դրական ազդեցություն են ունենալու` հատկապես աշնանացան և գարնանացան ցանքատարածքների վրա: Պտղատու այգիների վրա նույնպես բացասական ազդեցություն չեն ունենալու, քանի որ ծառերը դեռ չեն բողբոջել: Իհարկե, կան առանձին պտղատու ծառեր, որոնք տնամերձերում կամ շինությունների արանքում բողբոջել են, դրանք եզակի դեպքեր են, բայց, ընդհանուր առմամբ, այգեգործության մեջ խնդիրներ չենք ունենալու»,-նշել է Վ. Ավետիսյանը:

Խոսելով սննդի ոլորտում ինքնաբավության հասնելու ուղղությամբ տարվող աշխատանքներից` մեր զրուցակիցն ասել է, որ ԱՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող աջակցության բոլոր ծրագրերը՝ թե' անասնապահության, թե' բուաբուծության ճյուղերում, նպատակ ունեն ապահովելու պարենային անվտանգությունը: «Նախքան 2020 թվականի պատերազմը ոչ բոլոր մշակաբույսերի ու սննդամթերքի առումով ունեինք բավարար մակարդակ: Բայց պետք է նշեմ, որ հացահատիկի առումով ինքնաբավ էինք, անգամ արտահանում էինք, իսկ մնացած մշակաբույսերի , մասնավորապես` բանջարեղենի առումով ինքնաբավության մակարդակը հասնում էր միջինը 50%-ի: Այսօրվա դրությամբ արդեն այդ թվերն էլ չունենք, քանի որ չունենք նախկին տարածքներն ու հողային ռեսուրսները, բայց մենք փորձում ենք եղածը օգտագործել նպատակային և հնարավորինս ապահովել տեղական արտադրանքը»,-ներկայացրել է նա:

Պատերազմից հետո մեզ մնացած հողային ռեսուրսների օգտագործման մասին հարցին ի պատասխան` փոխնախարարն ընդգծեց` սակավ հողային ռեսուրսների դեպքում կիրականացվեն այնպիսի ծրագրեր և գործողություններ, որոնք ավելի փոքր տարածքից կտան ավելի շատ քանակի արտադրանք: «Նման հնարավորություն մեզ կընձեռնի ջերմոցային տնտեսությունների և ինտենսիվ այգիների հիմնադրումը: Բացի դրանից բավականին մեծ քանակությամբ ջերմոցային տնտեսությունների արտադրանք ներմուծվում է Հայաստանի Հանրապետությունից: Մենք դեռ հեռու ենք տեղական պահանջարկը բավարարելուց, բայց, նմանատիպ աշխատանքներ և ծրագրեր իրականացնելով, մենք մեծագույնս նպաստում ենք այդ ուղղության զարգացմանը և առաջիկայում նախատեսում ենք բացի տեղական պահանջարկը բավարարելուց կազմակերպել նաև արտահանում»,-ընդհանրացրել է պատասխանատուն:

  • Կիսվել: