երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հունոտի կիրճը մնում է չեզոք գոտում, դեռևս հայտնի չի՝ համարվելու է մերը, թե ոչ. Արցախի ԿԳՄ նախարար

Հունոտի կիրճը մնում է չեզոք գոտում, դեռևս հայտնի չի՝ համարվելու է մերը, թե ոչ. Արցախի ԿԳՄ նախարար

Մատենադարանում այսօր կայանալու է «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը: Մինչ համաժողովը կայացած ասուլիսում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, կեղծարարության, նենգափոխելու ինստիտուիցիոնալ քաղաքականություն է վարվում, գրում է Panorama.am-ը։

«Այո, այս պահին վտանգված է թշնամու վերահսկողության տակ գտնվող օկուպացված տարածքների մոտ 2000-ին հասնող  պատմամշակութային և պատմաճարտարապետական հուշարձանների ճակատագիրը»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ թշնամու վերահսկողության տակ գտնվող օկուպացված տարածքներում է մնացել 13 վանական համալիր, 122 եկեղեցու, 52 ամրոց, 523 խաչքար, 4 մատուռ, 127 դպոցական գրադարան 617 հազար գրքով, 3 շրջանային գրադարան  68 հազար 398 գրքային ֆոնդով, 10 պետական և  2 մասնավոր թանգարան, որոնց հիմնական և գիտաօժանադակա ֆոնդերում պահպանվում էր մոտ 20 հազար 345 ցուցանմուշ, այդ թվում Հադրութի Արթուր Մկրտչյանի  անվան թանգարանը, որտեղ 7680 ցուցանմուշ կար, այդ թվում Արթուր Մկրտչյանի անձնական իրերը, Մեծ Թաղերում Խամփերյանցի անվան թանգարանը 2195 ցուցանմուշով, Թևան Ստեփանյանի անվան տուն-թանգարանը 50 նմուշով, Շուշիի պատմության թանգարանը 5000 նմուշով, պրոֆեսոր Գաբրելյանցի երկրաբանական պետական թանգարանը 403 նմուշով, Կերպարավեստի պետական թանգարանը 673 ցուցանմուշով, որտեղ կային շատ հայտնի գործեր: Նախարարն ասաց, որ Շուշիի գորգերի  թանգարանի հավաքածուի մի մասը տարհանվել էր, սակայն 860 նմուշ մնացել է:

«Տիգրանակերտի  պատմահնագիտական պետական արգելոց-թանգարանը թշնամու վերահսկողության տարածքում է: Ցավոք սրտի, Հունոտի կիրճը մնում է չեզոք գոտում, դեռևս հայտնի չի՝ համարվելու է մերը, թե ոչ: Տողի մելիքական ապարանքը պատմամշակութային արգելոց է, Մելիք Եգանի ընդունարանը վերականգնված էր, ապրանքի տարածքում պեղումների ընթացքում արժեքավոր ցուցանմուշներ էին հայտնաբերվել:

Ազոխում պեղումների ժամանակ հայտնաբերվել էին ցուցանմուշներ, որոնք Ադրբեջանը տարել է»,- ասաց Լ. Ղարախանյանը:

Նա նշեց, որ Ադբեջանի կողմից այսօր երկու ուղղությամբ է արշավ տարվում՝ մի կողմից ուղղակի ոչնչացում են հուշարձանները, վտանգված են քաղաքական արժեք ներկայացնող հուշարձաններ, երկրորդ՝ հուշարձանները ներկայացվում են որպես աղվանական:

«Կարծում եմ՝ մենք ունենք լավ գիտական, պատմական նյութ, ուղղակի պետք է ճիշտ, գրագետ քարոզվի, բոլոր տեղեկատվական հարթակները օգտագործվեն, որպեսզի կարողանանք  փրկել  վտանգից: Դեկտեմբերի 21-ին նախատեսված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի  խմբի այցը Արցախ մոնիտորինգի համար, բայց Ադրբեջանը խաթարել է»,- ասաց նախարարը: 

Լ. Ղարախանյանի խոսքով, սա էթնոցիդ է, մեր ինքնությանը ուժեղ հարված է հասցվում:

«Այսօր սկսվել է երկրորդ եղեռնը՝ եղեռն եղեռնից հետո: Տարբեր ճանապարհներով՝ և խաղաղապահների միջոցով, և ԱԳ խողովակներով, և միջազգային կառույցների միջոցով փորձում ենք հասնել արդյունքի, բայց դեռևս չկա սաստող, միջազգային կառույցների կողմից կոնկրետ քայլեր, առարկայական, շոշափելի արդյունք մեր հուշարձանները պահպանելու, պաշտպանելու համար չկա»,- ասաց Արցախի կրթության, գիտության, մշակույթի նախարարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: