շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հիմնազուրկ ու անպատասխանատու. Մետաքսե Հակոբյանի հայտարարությանն արձագանքել են գործընկերները

Հիմնազուրկ ու անպատասխանատու. Մետաքսե Հակոբյանի հայտարարությանն արձագանքել են գործընկերները

Օրերս ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը մամուլում հայտարարել է, որ Արցախի իշխանությունները սկսել են նոր քարոզարշավ՝ ի պաշտպանություն Լևոն Տեր-Պետրոսյանի:

Մետաքսե Հակոբյանը մասնավորապես ասել էր, որ «իշխանական թևի և «Միասնական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները սկսել են նոր քարոզարշավ՝ ի պաշտպանություն Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա գաղափարների»՝ նկատի ունենալով, որ դրանք պարտվողական են (մեկնաբանությունը՝ խմբ-նը):

Թեմայի շուրջ «Արցախպրես»-ը հարցադրում է ուղարկել «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ Արթուր Հարությունյանին և Գագիգ Բաղունցին՝ մեկնաբանելու, թե ինչ քարոզարշավի մասին է խոսքը և ասվածը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը:

«Հիմնազուրկ հայտարարություն եմ համարում։ Անկեղծ ասած՝ մեկնաբանելու որևէ կարիք չենք տեսնում, քանի որ ՀՀ նախկին նախագահներից որևէ մեկի դեմ կամ օգտին մեր խմբակցության պատգամավորները որևէ քարոզարշավ երբևէ չեն իրականացրել: Ուստի, որևէ հիմք չկա նման հայտարարություն անելու»,- ասել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով՝ Արցախի խնդրով խմբակցությունն իր միասնական տեսակետը բազմիցս հայտնել է՝ ինչպես գործընկեր խմբակցությունների հետ ընդունած հայտարարությունների, այնպես էլ «Բռնազավթված տարածքների մասին» ԱՀ օրենքի ընդունման ժամանակ, և այսքանից հետո անգամ փորձ անել պարտվողականության մեջ գործընկերներին մեղադրելու առնվազը բարոյական չէ:

«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը նախ իր վրդովմունքը հայտնեց՝ նշելով, որ անգամ այս ծանր ժամանակաշրջանում կարող է գտնվել մեկը, ով պատրաստ է նեղ կուսակցական շահերը վեր դասել ամեն ինչից և հանրությանը թյուրիմացության մեջ գցելու փորձեր անել:

«Անթույլատրելի եմ համարում նման անպատասխանատու հայտարարություն հնչեցնելը: Խոսքն, իհարկե, չի վերաբերում Լևոն Տեր-Պետրոսյան գործչին ու նրա տեսակետներին: Խոսքը շատ ուղիղ վերաբերում է մեր գործընկերուհու հերթական մանիպուլյատիվ հայտարարությանը, որը պառակտիչ նպատակներ է հետապնդում»,- ընդգծել է ԱԺ փոխխոսնակը:

  • Կիսվել: