ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է ՀՀ-ում և ԼՂ հակամարտության գոտում վիրավորված երեխաներին

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է ՀՀ-ում և ԼՂ հակամարտության գոտում վիրավորված երեխաներին

Հոկտեմբերի 16-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկության զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը և Առողջության և սնուցման ծրագրերի համակարգող Միհրան Հակոբյանը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում այցելել են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին:
 
Այցի ընթացքում նրանց ողջունել և ուղեկցել են ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը, բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը և բուժանձնակազմը:
 
Այցի ընթացքում պարոն Շարփը ծանոթացել և շփվել է Նարեկի, Ռուբենի և Արծվիկի հետ, բոլորը տարբեր տարիքի՝ 2-ից 14: Նարեկը պատմեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին վիրավորում ստանալու հանգամանքները: Նա նաև պատմեց իր հետաքրքրությունների մասին, այդ թվում՝ շախմատի և մաթեմատիկայի: Բացահայտեցին, որ երկուսն էլ շուն են սիրում, փոխանակեցին իրենց շների նկարները և պայմանավորվեցին խաղալ շախմատ, երբ Նարեկը լիովին ապաքինվի:
 
Քանի որ Ռուբենը իր վիրավորումների հետևանքով նոր է վերսկսում խոսել, պարոն Շարփը երկար զրուցեց նրա մայրիկի հետ, ով ևս վիրավոր է: Ռուբենի մայրը պատմեց դժբախտության, որդու հետաքրքրությունների, այդ թվում՝ ֆուտբոլի մասին, որին հույս ունի վերադառնալ ապաքինվելուց հետո:
 
Բուժանձնակազմի խոսքով՝ փոքրիկ Արծվիկը այս օրերի ընթացքում առաջին անգամ ժպտաց՝ խաղալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցների բերած խաղալիքներով:
 
«Ես և ՄԱԿ-ի ողջ անձնակազմը դատապարտում ենք քաղաքացիների թիրախավորումը և սատարում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ անհապաղ և տևական հրադադարի կոչին, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չունի,- նշեց պարոն Շարփը իր այցի ժամանակ: - Յուրաքանչյուր երեխա ունի խաղաղ մանկության հիմնարար իրավունք՝ անկախ իր բնակության վայրից»:
 
Այցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի և ՀՀ առողջապահության նախարարության սերտ համագործակցության արդյունք էր:
 
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստ է անհրաժեշտության և կոչի դեպքում տրամադրել մարդասիրական օգնություն նրանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները կամ տուժել են այլ կերպ:
 
 

  • Կիսվել: