շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՀՀ-ն շարունակելու է լինել Արցախի անվտանգության երաշխավորը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն շարունակելու է լինել Արցախի անվտանգության երաշխավորը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի անվտանգության երաշխավորը: Այս մասին այսօր Ազատությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ դրա համար Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի կայուն և զարգացող պետություն: ՛՛Այսինքն՝ դրա համար մենք պետք է մեր ներքին անվտանգությունն ապահովենք, մեր սահմանների անձեռնմխելիությունն ապահովենք, որպեսզի դա լինի ոչ միայն հայտարարություն, այլև իրողություն: Եվ, էլի եմ ասում, անվտանգությունը միայն ֆիզիկական անվտանգությունը չէ, որն ամենակարևորն է, բնականաբար: Սոցիալական անվտանգությունն էլ է կարևոր: Տնտեսական անվտանգությունն էլ է կարևոր՛՛,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ այս ընթացքում տասնյակ որոշումներ են կայացվել, որոնք ուղղված են եղել Արցախի բնականոն կյանքի վերականգնմանն ու ապահովմանը:

Փաշինյանն ասաց. ՛՛Ժողովրդագրական անվտանգությունը նույնպես խնդիր է, ճի՞շտ է, և այսօր միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի մարդիկ վերադառնան Արցախ, և այդ ջանքերը շարունակելու են գործադրվել: Բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել, որոշումներ ենք ընդունել, որոնք բոլորը չէ, որ վերաբերում են միայն Արցախին:

Բայց նաև վերաբերում են նաև Արցախին: Մասնավորապես, զոհված զինծառայողների ընտանիքներին սոցիալական երաշխիքների վերաբերյալ, և այլն, և այդպես շարունակ, որոնց շահառուները նաև Արցախի բնակիչներ ու քաղաքացիներ են, բնականաբար: Եվ էլ չեմ ասում, որ Արցախում կա իշխանություն, կառավարություն, որի հետ մենք սերտորեն համագործակցում ենք՛՛:

  • Կիսվել: