շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ իշխանություններն արցախցիներին առաջիկա օրերին երկարաժամկետ բնույթի ծրագրեր կառաջարկեն

ՀՀ իշխանություններն արցախցիներին առաջիկա օրերին երկարաժամկետ բնույթի ծրագրեր կառաջարկեն

Կառավարության hումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը, հիշեցրեց՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով նախորդ շաբաթվա սկզբում հաստատվել է միանվագ դրամական օգնության ծրագիրը, որի շահառու են բռնի տեղահանված անձինք:

Խաչատրյանի խոսքով՝ ծրագիրը գրեթե սահմանափակումներ չունի. հիմնական պահանջն այն է, որ դրամական աջակցությունը ցուցաբերվելու է անկանխիկ:

«Այն բոլոր մեր հայրենակիցները, ովքեր ունեն քարտային հաշիվներ, իսկ նրանք, ըստ մեր ունեցած տվյալների, 50 հազարը գերազանցող թվով անձինք են, վերջին երկու օրերի ընթացքում մեծամասամբ արդեն ստացել են իրենց դրամական փոխանցումները: Եթե ինչ-որ մեկի հաշվին ֆիզիկապես դրամական միջոցը դեռևս մուտքագրված չէ, դա նշանակում է, որ խոսքը վերաբերում է բանկային գործառնությունների ժամանակատարությանը և երկուշաբթի կամ երեքշաբթի այդ գումարները կնստեն իրենց հաշիվների վրա: Ուզում եմ հիշեցնել, որ նրանք, որոնք չունեն բանկային քարտային հաշիվներ, այս օրերի ընթացքում պետք է առևտրային բանկերում բացեն իրենց հաշիվները, և երկրորդ խումբը, որը պետք է միանա դրամական փոխանցումները ստացողներին, այն ծնողներն են, որոնք իրենց երեխաների համար համապատասխան տվյալները գրանցելու արդյունքում կունենան նաև անչափահաս երեխաների համար փոխանցումներ»,- տեղեկացրեց փոխվարչապետը:

Նա հիշեցրեց՝ այս աջակցության հիմնական շահառու կարող են դառնալ ԼՂ-ից տեղահանված մեր այն հայրենակիցները, որոնք Հայաստանում չունեն բնակարան կամ բնակելի տուն և շարունակում են գտնվել հանրապետությունում:

«Աջակցությունը պետք է կազմի 40 հազար դրամ՝ յուրաքանչյուր մարդու հաշվով՝ անկախ տարիքից՝ բնակության վարձի ծախսերի և 10 հազար դրամ՝ կոմունալ ծախսերի փոխհատուցման նպատակով»,- նշեց Տիգրան Խաչատրյանը՝ ընդգծելով՝ զուգահեռաբար տեղի է ունենում երրորդ գործընթացը:

«Մեր բազմաթիվ հայրենակիցներ արդեն աշխատանքի հարցերն են փորձում կարգավորել, հաջորդ հարցը աշակերտների՝ դպրոցներում կցագրման հարցն է: Արդեն 40 տոկոսը գրանցված է համապատասխան դպրոցներում, մենք հիմնականում հանրակրթական հաստատությունների մասին ենք այս դեպքում խոսում: Հուսով ենք՝ առաջիկա շաբաթներին այս ցուցանիշը կմոտենա 100 տոկոսին, որովհետև ոչինչ չի խանգարում, որ մարդիկ արագորեն ընտրեն այն դպրոցը, որտեղ իրենց երեխաները կհաճախեն դպրոցներ: Տեղեկացված ենք, որ մոտ 300 ուսանողներ, որոնք բարձրագույն կրթության շարունակության անհրաժեշտություն ունեն, դիմել են արդեն համապատասխան բուհերի: Գալիք շաբաթվա ընթացքում նախատեսում ենք հաստատել այն կարգը, որով աջակցություն կցուցաբերվի այդ ուսանողներին, եթե դա վճարովի ուսում է, իրենց ուսումը շարունակելու հարցում: Այդ հարցը նույնպես կկանոնակարգենք»,- ասաց Խաչատրյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ ամենակարևոր հարցը երկարատև զբաղվածության ծրագրերն են:

«Համոզված ենք՝ յուրաքանչյուր ընտանիք իր բարեկեցությունը կվերագտնի, իր բնականոն կյանքին կվերադառնա այն ժամանակ, երբ զբաղվածության հետ կապված հարցերը կարգավորված են, իսկ մենք հիմա մշակում ենք այն ծրագրերը, որոնք պետք է թույլ տան, որ մարդիկ ընտրեն զբաղվածություն՝ ըստ իրենց մասնագիտության և նախասիրությունների:

Առաջիկա շաբաթներին նաև մեծ ծավալի աշխատանք ենք նախատեսում իրականացնել տեղահանված մեր հայրենակիցների երկարատև նկատառումները պարզելու, նաև բնակության վայրերի ընտրության հետ կապված հարցերը հասկանալու համար, որովհետև երկարատև աջակցության ծրագրերը էականորեն տարբեր կլինեն նրանցից, ինչ հիմա առաջարկում ենք կարճաժամկետ խնդիրների լոուծման համար, որովհետև եթե կարճաժամկետում ամենակարևորը կեցության, վարձակալության հետ կապված հարցերն են, ապա երկարաժամկետում այդ խնդիրներն ավելի կայուն կարգավորումների կարիք ունեն:

Այս ուղղությամբ առաջիկա շաբաթների մեր քննարկումների արդյունքում կներկայացնենք որոշակի նկատառումներ՝ օգնելու այն մարդկանց, որոնք իրենց որոշումները պետք է կայացնեն աշխատատեղերի և բնակության վայրերի ընտրության հարցում»,- տեղեկացրեց Տիգրան Խաչատրյանը:

  • Կիսվել: